Իսրայելը հուսով է գործակցել ՌԴ հետ Մինսկում ձերբակալված բլոգերի գործով

Իսրայելը հուսով է գործակցել ՌԴ հետ Մինսկում ձերբակալված բլոգերի գործով

PanARMENIAN.Net - Թել Ավիվը հուսով է, որ կհաջողվի համագործակցել Մոսկվայի հետ Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով, որն ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն, հայտնում է Ինտերֆաքսը:

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում:

Լապշինի գործին միջամտել է Իսրայելը: Վերջինս դիվանագիտական ճանապարհներով պահանջում է Բաքվից կասեցնել բլոգերի քրեական հետապնդումը: Մինսկում Իսրայելի դեսպանատունը պաշտոնապես դիմել է Բելառուսի ԱԳՆ` Լապշինին հանդիպելու թույլտվության համար: Իսրայելը նաև դիմել էր Բելառուսի իշխանություններին` խնդրելով «անդառնալի քայլերի չդիմել» այդ հարցում և չարտահանձնել բլոգերին Բաքվին:

«Մեր համար նա Իսրայելի քաղաքացի է և մենք ցանկանում ենք պաշտպանել նրան: Իսրայելի համար կարևոր է, որպեսզի հյուպատոսը կարողանա այցելել Լապշինին: Մենք կհամագործակցենք Ռուսաստանի հետ այդ հարցում և հուսով ենք, որ այն դրական լուծում կստանա»,-ասել է Իսրայելի գլխավոր դատախազ և կառավարության իրավաբանական խորհրդատու Ավիխայ Մանդելբլիտը:

Հունվարի 12-ին, Ղարաբաղ այցելության համար ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի Մինսկում ձերբակալությունից մեկ ամիս անց, հաջողվել է կազմակերպել Բելառուսում Իսրայելի հյուպատոս Յուլիա Ռաչինսկայայի այցը մեկուսարան: Այցը հաջողվել է կազմակերպել Քնեսեթի պատգամավոր Քսենիա Սվետլովայի ջանքերով: Իսրայելի պաշտոնյաները մտահոգված են, որ Ադրբեջանը մոտ է հաջողության հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսից արտահանձնելու գործում: Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր, որ արդեն Բելառուսի իրավապահ մարմիններին է փոխանցել Լապշինի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որն ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն:

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նամակ է հղել Բելառուսի Փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահ Վիկտոր Չայչիցուին և ՌԴ Փաստաբանների դաշնային պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոյին` Լապշինի հետ կապված իրավիճակը համարելով «հիմնարար ազատությունների և իրավունքների աղաղակող խախտում»:

ՀՀ Փաստաբանների պալատում կարծում են, որ Լապշինի արտահանձնումը կարող է նախադեպ դառնալ ԼՂՀ այցելած անձանց հանդեպ ոչ իրավաչափ հետապնդումների համար:

Հունվարի 16-ին ժամը 12:00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կազմակերպում են բողոքի ակցիա ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց: Ցույցը կազմակերպվում է ի պաշտպանություն 2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված Իսրայել Պետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---