Ավարները մտադիր են ինքնավարության ճանաչման հասնել Ադրբեջանի կազմում

PanARMENIAN.Net - Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի եւ «Միտք» վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ Երեւանում իր աշխատանքն է սկսել «Կովկասյան Աղվանքի պետականությունն ու նրա էթնոմշակութային ժառանգությունը» թեմայով միջազգային սիմպոզիումը: Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով, այդ թեման հետաքրքիր է ոչ միայն գիտական, այլ նաեւ քաղաքական տեսակետից: «Միջնադարյան Կովկասյան Աղվանքի պետականությունը պահանջում է լուրջ եւ անաչառ հետազոտություն, եւ ես հուսով եմ, որ այդ աշխատանքին կմիանան նաեւ Ադրբեջանի գիտնականները»,-ընդգծել է նա: «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Էդուարդ Աբրահամյանի խոսքերով, Կովկասյան Աղվանքի եւ աղվանական ժողովրդների հին եւ նոր պատմության ուսումնասիրությունը կօգնի ավելի լավ հասկանալ Կովկասում ընթացող արդի էթնոքաղաքական գործընթացները:



Իր հերթին, քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ դաղստանցի ժողովրդների մասնակցությունը կոնֆերանսին կօգնի ավելի լավ հասկանալ նրանց ինքնության խնդիրներն Ադրբեջանում: «Կոնֆերանսն ավելի շատ քաղաքական, քան զուտ ակադեմիական միջոցառում է եւ դրա ապացույցը կարող է լինել Դաղստանի ավարների ներկայացուցչի հայտարարությունն Ադրբեջանի կազմում ինքնավարության ճանաչմանն հասնելու վերաբերյալ»,-ընդգծել է քաղաքագետը:



Դաղստանի պետական համալսարանի պրոֆեսոր Թիմուր Այթբերովի խոսքերով, Բաքուն վարում է Ադրբեջանի որոշ շրջաններում բնակվող բնիկ դաղստանցի ժողովրդների ոչնչացման քաղաքականություն: «Ավար ժողովուրդը մտադիր է պաշտպանել իր իրավունքները բոլոր օրինական եւ աշխարհում ճանաչված միջոցներով, մասնավորապես, օգտագործելով քելտական ժողովրդների փորձը»,-ասել է նա:



Կովկասյան Աղվանքը հին պետություն է Անդրկովկասի արեւելյան մասում, որը զբաղեցնում էր Քուր գետի հյուսիսից մինչեւ Կասպից ծովն ընկած տարածքը, ներառելով այժմյան Հյուսիսային Ադրբեջանն ու Հարավային Դաղստանը: Կովկասյան Աղվանքի բնակիչները` աղվաններն ի սկզբանե ներկայացրել են իրենցից 26 տոհմերի միություն, որոնք խոսում էին նախի-դաղստանյան ընտանիքի լեզգիների ճյուղի տարբեր լեզուներով: Աղվանքի միակ հայտնի լեզուն աղվաներենն է, այլ կերպ ասած «գարգարեականը», որի գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---