Նախագահ. Ճոճանակի նման գնացող-եկող քաղաքական գործիչը ոչ մեկին պետք չէ

Նախագահ. Ճոճանակի նման գնացող-եկող քաղաքական գործիչը ոչ մեկին պետք չէ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 2-ի երեկոյան հյուրընկալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ։

Նախագահականից հայտնում են, որ Սարգսյանը ողջունել է դպրոցի ունկնդիրներին, հակիրճ ներկայացրել իր պատկերացումները ժամանակակից քաղաքական գործչի մասին, իր ուղերձն ու հորդորները հղել քաղաքականությամբ զբաղվել պատրաստվող երիտասարդներին, ապա պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց տեսակետները արծարծվող թեմաների վերաբերյալ:

Իր խոսքում նախագահը ժամանակակից քաղաքական գործչի համար կարևորել է կրթվածությունը, անընդհատ սովորելու ձգտում և ամենատարբեր ոլորտներից որոշակի գիտելիքների պաշար ունենալը, հորդորել է անկախ մասնագիտությունից՝ առնվազն իրավաբանության և տնտեսագիտության հիմունքներին ծանոթ լինել, իրավաբանական ձևակերպումները լավ հասկանալ, իսկ մասնագիտությամբ իրավաբանների պարագայում՝ կարողանալ այդ ձևակերպումները հանրամատչելի ներկայացնել ու բացատրել հանրությանը:

Նախագահը քաղաքական գործչի համար ոչ պակաս կարևոր է համարել կարևորը երկրորդականից տարբերելու ունակությունը, ինչպես նաև քաղաքացիական արիություն ունենալը, առանց որի, նրա համոզմամբ, անիմաստ է զբաղվել քաղաքական գործունեությամբ:

«Քաղաքական գործչի համար չափազանց կարևոր է, որպեսզի նա կարողանա տարբերակել կարևորը երկրորդականից: Որևէ դասագրքում երբեք դուք չեք կարող գտնել լուծումներ կամ գիտելիքներ սրա մասին: Դուք պետք է կարողանաք այդ ժխորում (իսկ քաղաքական դաշտում հաճախ ժխոր է լինում) իրոք, տարբերակել կարևորը երկրորդականից: Ցավոք, մեր հասարակությունը հիմա գտնվում է մի այնպիսի փուլում, երբ ժխորն իսկապես մեծ է, և այդ ժխորի մեջ գտնել կարևորը, ճիշտը, սա միայն հեղինակություն է բերում քաղաքական գործչին: Եթե տեսնում եք՝ մեր քաղաքական դաշտում երկարակյացներն այդքան էլ շատ չեն, որովհետև նրանք փորձում են պոպուլիզմով զբաղվել: Պոպուլիզմը, միգուցե, լավ է որոշակի պահի համար՝ երեք օր, հինգ, յոթ, տասնհինգ օր, լավ՝ վեց ամիս, բայց, փառք Աստծո, մեր հասարակությունը կարողանում է շատ շուտ հասկանալ, թե ով ինչ է ի վիճակի անել:

Եթե ամեն անգամ փորձում ես տեղափոխվել կշեռքի ծանր հատվածը, դա հետո դառնում է բնավորություն, և կողքիներն էլ են տեսնում: Այսինքն, դու արդեն ճոճանակի պես կգնաս-կգաս, և հետո այդ ճոճանակը որևէ մեկին էլ պետք չի լինի:

Ուզում եմ ամենակարևոր բանի վրա ձեր ուշադրությունը սևեռել՝ քաղաքական գործիչը պետք է քաղաքացիական արիություն ունենա: Եթե դա չկա՝ անիմաստ է զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Վախկոտ մարդիկ քաղաքականությունում, ինչ ասեմ՝ կա՛մ թիթեռի, կա՛մ ձնծաղիկի կյանք են ունենում: Բայց ուզում եմ, որպեսզի ասածս ճիշտ ըմբռնեք և ընկալեք: Անվախ մարդ աշխարհում չկա: Անվախ են միայն ապուշները, սակայն երբ քո տագնապը դառնում է վախ, ա՛յ դա է վատը: Երբ քո տագնապի պահին, այդ տագնապի ազդեցության տակ փոխում ես որոշումներդ, դու արդեն դառնում ես վախկոտ մարդ: Չի կարելի, երբեք չի կարելի ճնշման կամ վախի ազդեցության տակ փոխել որոշումներ: Միացյալ նահանգների նախագահներից մեկը շատ փայլուն միտք է արտահայտել՝ ասել է, որ երբեք մի վախեցեք զիջումներից կամ բանակցություններից, բայց երբեք մի գնացեք զիջումների կամ բանակցությունների ճնշման տակ: Քենեդին Միացյալ նահանգների լավագույն նախագահներից մեկն էր, իմ կարծիքով, և կարծում եմ, որ նրա ասածները շատ համահունչ են այսօրվա մեր իրականությանը: Օրինակ, նույն Լեռնային Ղարաբաղի խնդրով մենք երբեք որևէ ճնշման տակ որևէ զիջում չենք անում. մենք պատրաստ ենք փոխզիջումներ անելու, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղությամբ, առանց պատերազմի, բայց որևէ ճնշում՝ լինի դա արտաքին թե ներքին, չի կարող ազդել, հակառակ պարագայում, մեր՝ տուն գնալու ժամանակն է»,-ընդգծել է Հանրապետության նախագահը:

Սերշ Սարգսյանն իր ուղերձն ու հորդորները ներկայացրել է ինչպես սեփական փորձից, այնպես էլ միջազգային պրակտիկայից բերված օրինակների ու համեմատությունների հիման վրա, խոսել ժամանակակից քաղաքական գործչին ներկայացվող վերոնշյալ պահանջներից որևէ մեկը լիարժեք չբավարարելու պարագայում առաջացող դժվարությունների ու խնդիրների մասին:

2016 թվականին ՀՀԿ-ի հիմնադրած՝ հանրապետությունում առաջին կուսակցական քաղաքական դպրոցի ավելի քան հարյուր ունկնդիրի մոտ կեսն անկուսակցական է կամ այլ կուսակցությունների անդամ, նրանք ամենատարբեր մասնագիտությունների ու զբաղվածության տեր անձինք են՝ ուսանողից մինչև պետական ծառայող:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---