2 օրում Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել

2 օրում Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Չանաքքալեի նահանգում փետրվարի 7-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 05:24-ի սահմաններում, ևս մեկ երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ, էպիկենտրոնը կրկին Այվաջըք շրջանն է:

Սա 2 օրվա ընթացքում արդեն երրորդ երկրաշարժն է, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տվյալների համաձայն՝ փետրվարի 6-ին առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան 06:51-ի սահմաններում: 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7.5 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Իզմիրում, Բուրսայիում և Ստամբուլում: Ժամը 07:17-ի սահմաններում նույն տարածքում գրանցվել է երկրորդ ցնցումը՝ 4.2 մագնիտուդ ուժգնությամբ:

Ցնցումների հետևանքով Բայըրքյոյ գյուղում շուրջ 40-50 տուն է վնասվել, Այվաջըքի մի քանի այլ գյուղերում ևս նյութական վնասներ են պատճառվել:

Հաջորդող 3 ժամվա ընթացքում Այվաջըքում շուրջ 40 հետցնցում է արձանագրվել, որոնցից ամենաուժգինը՝ 3.7 մագնիտուդ հզորությամբ: Ավելի ուշ՝ ժամը 14:45-ի սահմաններում նույն շրջանում տեղի է ունեցել ևս մեկ ցնցում՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ: Ցնցումների պատճառով զոհեր չեն գրանցվել, Այվաջըքի Յուքարըքյոյ գյուղում 2 քաղաքացի է վիրավորվել: Պարբերաբար կրկնվող ցնցումների պատճառով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---