Նախկինում ռուսական ընկերությունները օգնում էին Հայաստանին, իսկ այժմ իրենք են հետաքրքրված Հայաստանի տնտեսությամբ

PanARMENIAN.Net - «Հայաստանն ու Ռուսաստանը վաղուց ի վեր ապրել են միասին, իսկ ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ 10 տարի առաջ կնքված Բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագիրը դարձավ մեր դարավոր բարեկամական հարաբերությունների տրամաբանական շարունակությունը: Այն տարածվում է բոլոր ոլորտների վրա` ռազմաքաղաքական, տնտեսական, մարդասիրական»,-հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը:



«Այսօր Հայաստանում աշխատում են շուրջ 800 համատեղ ձեռնարկություններ: Հանրապետություն են եկել այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Ռուսական ալյումինը», «ՌԱՕ «ԵԷՍ»-ը, «Գազպրոմը», Վիմպելկոմը», ՎՏԲ-ն, Ատոմային էներգետիկայի դաշնային գործակալությունը: Նախկինում ռուս գործարարները գալիս էին հանրապետություն հետեւյալ խոսքերով.«Հարկավոր է օգնել Հայաստանին»: Այժմ առաջատար ռուսական ընկերությունները հետաքրքրվում են Հայաստանի տնտեսությամբ: Ի դեպ, դրան նպաստում է Հայաստանի ազատական հարկային համակարգը, ներքին կայունությունը»,-նշել է դիվանագետը:



Նա նաեւ հիշեցրել է պետպարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների մասին: «Հայաստանը Դաշնության սեփականությանն է փոխանցել մի քանի ձեռնարկություններ: Սակայն դրանք գործնականում չեն գործում: Հավանաբար, այն պատճառով, որ լուծված չէ սեփականատիրոջ հարցը: Հարկավոր են կոնկրետ գործարարներ, որոնք շահագրգռված կլինեն այդ ձեռնարկություններում , այս կամ այն արտադրության հարցում: Ես կարծում եմ, որ մենք Ռուսաստանի ղեկավարության հետ համատեղ եկել ենք ընդհանուր հայտարարի, եւ արդեն քննարկվում է այդ չգործող արտադրությունները մասնավորին փոխանցելու մասին հարցը: Օրինակ կարող է ծառայել պայմանավորվածությունը «Գազպրոմի» եւ «Հայռուսգազարդի» միջեւ ՌԴ-ին փոխանցված Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վերականգնման մասին»,-ընդգծել է Արմեն Սմբատյանը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---