Վ.Կազիմիրով. Միջադեպերը շփման գծում լարվարծությունն ուժգնացնելու ցինիկ միջոց են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունների տարաձայնությունները ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի եւ փոխհրաձգության զոհերի մասին, որոնք ԼՂՀ-ն եւ Հայաստանը հաճախ հերքում են, նորություն չեն. կողմերը հաճախակի են իրար բացառող հայտարարություններ անում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: «Գործի էությունը դժվար չէ պարզաբանել` ի՞նչ են տալիս զինված միջադեպերն ներկա հանգամանքներում: Առաջին հերթին, դա լարվածությունը, մոբիլիզացիան պահպանելու եւ նույնիսկ ավելի խթանելու, հակառակ կողմի հանդեպ ատելությունը լարելու, նրա դիրքերի եւ մարտունակության տեղային ստուգման ցինիկ միջոց է: Միջադեպերն առաջանում են այն պատճառով, որ Բաքուն հրաժարվեց կողմերի ուժերը շփման գծից ետ քաշելու գաղափարից, պահպանելով պատերազմական շրջանի մի քանի մետրանոց հեռավորությունը, իսկ վերջերս նույնիսկ կրճատում էր այն: Հաճախ մարդիկ են զոհվում, ոչ միայն զինվորներ եւ սպաներ, այլ նաեւ խաղաղ բնակիչներ: Տեղին է հետեւյալ հարցը` ի՞նչն է այս կամ այն կողմի համար կարեւոր` մարդկանց կյանքը թե լարվածության մթնոլորտը: Ո՞ր կողմին է այն ավելի հարկավոր: Գուցե՞ այն կողմին, որ անընդհատ ռեւանշով է սպառնում»,-կարծում է ռուս դիվանագետը:



Կազիմիրովը հիշեցրել է, որ 1995թ. փետրվարի 4-ին ԵԱՀԿ հովանու ներքո Ռուսաստանի նախաձեռնությամբ եւ Շվեդիայի մասնակցությամբ հակամարտության բոլոր երեք կողմերը համաձայնագիր ստորագրեցին հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին: «Նրանք պարտավորվեցին անմիջապես շփման մեջ մտնել հակառակ կողմի հետ միջադեպերի տեղայնացման եւ հարթեցման համար` քարոզչական միջոցներով նրա ուռճացումը թույլ չտալու համար: Փաստաթուղթը ստորագրեցին պաշտպանության նախարարները, սակայն մենք շվեդացիների հետ միասին այնպիսի ձեւակերպում գտանք, որպեսզի ոչ ոք չկասկածեր, որ այն ստացել է գերագույն ղեկավարության` Հեյդար Ալիեւի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հավանությունը: Սակայն կողմերն այդպես էլ չկատարեցին այդ համաձայնագիրը: Իմ կողմից այդ անոմալիայի վերաբերյալ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը ՀՀ-ից եւ Սեյրան Օհանյանը ԼՂ-ից շուրջ երկու տարի առաջ հրապարակայնորեն պատրաստակամություն հայտնեցին վերադառնալ համաձայնագրի կատարմանը, եթե նույն կերպ վարվի նաեւ Բաքուն: Իսկ Սաֆար Աբիեւից ոչինչ չլսեցինք (մշտական սպառնալիքներից բացի): Նույնիսկ իր արտահայտություններում զգուշավոր Էլմար Մամեդյարովը հետաձգում է միջադեպերի խնդրի լուծումը մինչեւ հակամարտության ամբողջական կարգավորումը, իսկ մինչ այդ, թող այդպես էլ մնա: Բաքվին հարկավոր չեն ոչ ԼՂ մասնակցությունը այդ համաձայնագրին, ոչ էլ սերտ շփումները կողմերի միջեւ: Իսկ հարկավո՞ր է արդյոք միջադեպերի կարգավորումը: Ահա եւ նշմարում է ձեր հարցի պատասխանը»,-ընդգծել է Կազիմիրովը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---