Լոնդոնում անցնում է Կոսովոյի կարգավիճակի որոշման բանակցությունների հերթական փուլը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Lոնդոնում վերսկսվել են Կոսովոյի ապագա կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի (եռյակ) եւ Կոսովոյի ղեկավար Ագին Չեկուի ու Բելգրադի ներկայացուցիչ Վուկ Երեմիչի միջեւ: Բանակցությունները շարունակվելու են երկու օր, իսկ սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում սերբական եւ ալբանական պատվիրակությունները կանցնեն դեմ առ դեմ բանակցությունների փուլին:



ԵՄ ներկայացնող գերմանացի դիվանագետ Վոլֆգանգ Իշինգերի խոսքերով, Կոսովոյին անկախություն շնորհելու հարցը անորոշ ժամանակով կարող է հետաձգվել: «Անկախության հարցը ես որոշակիորեն բաց կթողնեի: Այժմ ցանկալի է Կոսովոյի համար հաստատուն, վերահսկելի կարգավիճակի հասնել: Պետք չէ կենտրոնանալ «անկախություն» բառի վրա»,- նշել է Իշինգերը The Independent թերթին տված հարցազրույցում:



Կոսովոյի վարչապետ Ագիմ Չեկուի խոսքերով, բանակցային այս փուլում միակ խնդիրը Կոսովոյի անկախացման տեխնիկական դետալները հստակեցնելն է: «Ես չեմ բացառել, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կոսովոյի խորհրդարանը կարող է միակողմանիորեն հռչակել երկրամասի անկախությունը»,- նշել է նա:



Եռյակը պետք է բանակցությունների վերաբերյալ զեկույց ներկայացնի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին 2007 թվականի դեկտեմբերի 10-ին: Սերբիան եւ Ռուսաստանը դեմ են տարածաշրջանին անկախություն տրամադրելու ծրագրին: ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է Արեւմուտքին Կոսովոյի հարցով շտապելու անթույլատրելիության հարցով, հաղորդում է AP-ն:



Հիշեցնենք, որ Կոսովոն հանդիսանում է Սերբիայի հատված, բնակչության 90 տոկոսը կազմում են էթնիկ ալբանացիները: 1999 թվականից տարածաշրջանը ղեկավարում են ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն: Կոսովոյի կարգավիճակի որոշման բանակցությունները տեւում են 15 ամիս: Այս տարվա փետրվարին Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարին ծրագիր է մշակել, ըստ որի տարածաշրջանը անկախություն է ստանում: ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան Ախտիսաարիի ծրագրի հիման վրա բանաձեւի նախագիծ են մշակել, որը ներկայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Սակայն Ռուսաստանը արգելափակել է այդ նախագիծը, հայտարարելով, որ նա հանդիսանում է անընդունելի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---