Ղարաբաղն ավելի մեծ հաջողություններ է գրանցել սահմանադրական զարգացման մեջ, քան Կոսովոն

PanARMENIAN.Net - Անկախ ամերիկյան դիտորդական պատվիրակության անդամներ Վլադիմիր Մատիչը, Փոլ Ուիլյամսը եւ Մեգան Ստյուարտը, որոնք հետեւել են Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրություններին, սեպտեմբերի 19-ին Կապիտոլիումի բարձունքում ունեցած ելույթում հայտարարել են, որ Ղարաբաղում կայացած ընտրություններն եղել են ազատ եւ արդար: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում: Բացելով քննարկումները, ԱՄՆ-ում Ղարաբաղի ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը, անդրադառնալով Ղարաբաղի ժողովրդավարական զարգացմանը, հայտարարել է.«Անկախության հանրաքվեից ընդամենը 18 օր անց ԼՂՀ-ում անց են կացվել առաջին ժողովրդավարական ընտրությունները, որոնք նշանավորեցին ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու ունակ ժողովրդավարական պետության կառուցման դժվարին, սակայն արդյունավետ ճանապարհի մեկնարկը»:



Իր հերթին Վլադիմիր Մատիչը, որը գլխավորում էր դիտորդական առաքելությունը, նշել է, որ Ղարաբաղում կայացած ընտրությունները դարձան ժողովրդավարական ընտրությունների լավագույն օրինակներից մեկը, եթե համեմատելու լինենք հետկոնֆլիկտային շրջաններում կայացած ընտրությունները, որոնց ինքը մասնակցել է:



Փոլ Ուիլյամսը, նախկինում ԱՄՆ Պետդեպարտամենտի իրավաբան, այժմ` Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, որը մասնագիտացած է հակամարտությունների կարգավորման եւ հետկոնֆլիկտային զարգացումների հարցում, հայտարարել է, որ Ղարաբաղն ավելի մեծ հաջողություններ է գրանցել սահմանադրական զարգացման մեջ, քան Կոսովոն, եւ կոչ է արել միջազգային հանրությանն ի գիտություն ընդունել դա:



ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումները կազմակերպել էին Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնեն, որոնք ցանկանում էին կոնգրեսականներին հնարավորություն տալ ծանոթանալ ԼՂ-ի զարգացումներին:



«Այսօր մենք լսեցինք ամերիկացի դիտորդներից Ղարաբաղում գրանցված առաջընթացի եւ ժողովրդավարական զարգացման մասին: ԱՄՆ-ն այդ գործում պետք է օգնի Ղարաբաղին»,-հայտարարել է Ֆրենկ Փալոնեն:



Վարդան Բարսեղյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խնբին Արցախին աջակցելու համար, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել Ամերիկայի հայկական համագումարին, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին եւ ԱՄՆ-Հայաստան հասարակական կոմիտեին: «Մենք հուսով ենք հետագայում եւս համագործակցել մեր ամերիկացի բարեկամների հետ, ուղղված Կովկասի կայունությանն, անվտանգությանն ու բարգավաճմանը, ինչը բխում է նաեւ ԱՄՆ-ի շահերից: Անկախ, բարգավաճ եւ պաշտոնապես ճանաչված Լեռնային Ղարաբաղը պետք է լինի այդ պատկերի մի մասը»,-հայտարարել է Վարդան Բարսեղյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---