Սերբիայի նախագահը զգուշացնում է «Կոսովոյի անկախության վտանգավոր հետեւանքների մասին»

PanARMENIAN.Net - Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանին շարունակվում են համաքաղաքական քննարկումները: Ելույթ ունենալով դրա մասնակիցների առջեւ` Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը նորից հայտարարել է, որ Կոսովոյի անկախությունն անընդունելի է Բելգրադի համար: Նա ընդգծել է, որ իր երկիրը կոսովցի ալբանացիներին առաջարկում է իրավունքներ ու հնարավորություններ Սերբիայի Հանրապետության կազմում ինքնավար զարգացման համար:



«Պաշտպանելով Սերբիայի պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` մենք առաջարկել ենք ապակենտրոնացման մոդել` «հիմնված եվրոպական որոշումների վրա եւ ուղղված կոսովցի ալբանացիների շահերի պաշտպանության ապահովմանը»,- հայտարարել է նախագահը:



Բորիս Տադիչը գտնում է, որ հին միջէթնիկական հակամարտության կարգավորման ուղին, առաջարկված Սերբիայի կողմից, դուռ է բացում դեպի հաշտեցում եւ նոր, ժողովրդավարական ու եվրոպական Սերբիայի շրջանակներում գոյության համար: Նա հավելել է, որ Սերբիան պատրաստ է փոխզիջման, սակայն սեփական լեգիտիմ շահերը եւ սերբ համայնքի եւ տարածաշրջանի այլ ազգային համայնքների պաշտպանության անհրաժեշտությունը հաշվի առնելով: Նախագահը ուշադրություն է դարձրել, որ 1999 թվականից ավելի քան 200 հազար սերբ ստիպված էին լքել Կոսովոն եւ նրանցից միայն 7100-ն են կարողացել վերադառնալ:



«Այս հարցով օրինական որոշում կարող է կայացվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: Կոսովոյի ղեկավարների կողմից տարածաշրջանի անկախության ինքնակամ հռչակումը` առանձին պետությունների կողմից դրա հետագա ճանաչմամբ, կխախտի միջազգային օրինակարգը եւ կստեղծի նախադեպ, որը թույլ կտա անջատողական շարժումներին մոլորակի ցանկացած անկյունում նման կերպ վարվել եւ կարող է ապակայունացում առաջացնել աշխարհի բազմաթիվ տարածաշրջաններում»,- ընդգծել է Տադիչը:



Սերբիայի նախագահը դիմել է կոսովցի ալբանացիներին` կոչ անելով առանց որեւէ պայմանի համաձայնվել վերսկսել բանակցությունները, որպեսզի գտնվի խնդրի փոխզիջումային կարգավորումը, որը կհանգեցնի սերբ-ալբանական հաշտեցման: Նա հայտնել է Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի մասնակիցներին, որ Սերբիան ներդնում է բոլոր ջանրքերը, որպեսզի դառնա Եվրամիության անդամ, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---