ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել լրագրող Մեհման Հուսեյնովին

ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել լրագրող Մեհման Հուսեյնովին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Իգնասիո Սանչեսը մարտի 9-ին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել լրագրող, բլոգեր Մեհման Հուսեյնովին, որը մեկ շաբաթ առաջ Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ ոստիկանության հասցեին զրպարտության մեղադրանքով:

«Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ Հուսեյնովին ձերբակալելու հիմք է ծառայել նրա դժգոհությունը հունվարին ոստիկանությունում գտնվելու ժամանակ իր կեցության պայմաններից: Ավելի վաղ վկայությունները վատ վերաբերմունքի մասին և այժմ նրա նկատմամբ դրսևորվող հետապնդումն ու ձերբակալությունը հաշվեհարդարի տպավորություն են թողնում: Թվում է, թե իշխանությունները փորձում են լռեցնել քննադատական ձայնն Ադրբեջանում: Ես կոչ եմ անում, որպեսզի Հուսեյնովն անհապաղ ազատ արձակվի»:

Սանչեսը նաև հայտարարել է, որ Հուսեյնովը Ադրբեջանում ազատազրկված բազմաթիվ ակտիվիստներից մեկն է: Ըստ ԵԱՀԿ ԽՎ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարի՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է հարգեն իրենց քաղաքացիների ազատ արտահայտվելու, և եթե անհրաժեշտ է՝ նաև բողոքելու իրավունքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---