Foreign Policy. Նախագահի հրաժարականի դեպքում Մեհրիբան Ալիևան կարող է ժառանգել իշխանությունը

Foreign Policy. Նախագահի հրաժարականի դեպքում Մեհրիբան Ալիևան կարող է ժառանգել իշխանությունը

PanARMENIAN.Net - Առնվազն 14 խղճի բանտարկյալների հայրենիք Ադրբեջանը ներկայումս ղեկավարվում է նախագահական զույգի կողմից: Այդ մասին գրել է ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականը՝ քննադատելով Մեհրիբան Ալիևայի մասին The Washington Times-ի հոդվածը:

The Washington Times-ն ավելի վաղ հրապարակել էր «Ադրբեջանի բարի կինը» (The Kind Lady of Azerbaijan) վերնագրված հոդվածը, որտեղ պնդում կա, թե Ալիևային փոխնախագահ նշանակելը «մեծ առաջընթաց է, քանի որ կինը իշխանության է գալիս մահմեդական երկրում»:

Նշելով, որ վերջերս այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը իր կնոջը նշանակել է փոխնախագահ, հոդվածագիրը շարունակում է․«Նախագահի հրաժարականի դեպքում հնարավոր է հենց Մեհրիբան Ալիևան ժառանգի իշխանությունը, ինչպես ժամանակին Ալիևն է հորից ժառանգել: Այդպիսով, երկիրը վերածվել է ընտանեկան բիզնեսի», հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հակադարձելով The Washington Times-ին՝ Foreign Policy-ին գրում է, որ այն հանգամանքը, որ կինը իշխանության է գալիս մահմեդական երկրում, չի կարող արդարացնել կնոջն իր ժառանգորդը դարձնելու նախագահի որոշումը:

Հեղինակավոր պարբերականը պարզաբանել է, որ այդ հոդվածը գրել է Caspian Group Holding-ի գործադիր տնօրեն Ռոբ Սոբխանին: Նշվում է, որ ամերիկյան այդ ընկերությունը բիզնես շահեր ունի աշխարհի տարբեր երկրներում:

Ըստ Ադրբեջանի սահմանադրության, առաջին փոխնախագահը ստանձնում է նախագահի լիազորությունները, եթե նա չի կարող կատարել իր պարտականությունները:

Foreign Policy-իի հրապարակման հեղինակ Էմիլի Տամկինը հիշեցրել է, որ 1990-ականներին Սոբխանին կարևոր դերակատարություն է ունեցել Ադրբեջանի նավթային նախագծերի շուրջ բանակցային գործընթացներում և բազմիցս գովաբանել է Իլհամ Ալիևի քաղաքականությունը՝ հայտարարելով, թե նա «բարելավել է Ադրբեջանի միջազգային հեղինակությունը»:

Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:

2016-ի սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե անցկացվեց: Ուղղումները նախատեսում են նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարացում 5-ից մինչև 7 տարի, փոխնախագահների պաշտոնների ավելացում, նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուի տարիքային սահմանափակման նվազեցում: Հանրաքվեում փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 88,5%-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---