«Քաղաքացի դիտորդ». Ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը

«Քաղաքացի դիտորդ». Ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը

PanARMENIAN.Net - «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը լուրջ մտահոգություն և կասկածներ ունի, որընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:

Ապրիլի 2-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ անդամ դիտորդական առաքելություն է իրականացրել 1521 ընտրատեղամասում: Նախաձեռնության դիտորդներն ընտրության օրն արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման և ընդհանուր բնույթի 2131 խախտում, որոնցից 1243-ի վերաբերյալ նախնական ճշտումներ են արվել, որոնք ստացվել են 544 ընտրատեղամասից:

Նախնական ճշտումներ արված խախտումների թիվը կազմում է ընդհանուր արձանագրված խախտումների 58.3%-ը, մնացած 41.7%-ը ստուգման փուլում է:

Նախնական ճշտումներ արված 1243 խախտումից՝

287-ը ընդհանուր բնույթի են, որից 120-ը (42%)՝ սարքի տեխնիկական խափանման վերաբերյալ են, իսկ 72-ը (25%)՝ մարդկանց և մեքենաների կուտակումների:

186-ը քվեարկության նախապատրաստման և ընտրատեղամասերի բացման փուլում են արձանագրվել, որից 97-ը (52%) քվեասենյակի կահավորանքի վերաբերյալ է, 33-ը (18%)՝ տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի: 640-ը քվեարկության ընթացքում են արձանագրվել, որից 125-ը (20%) քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ է, 92-ը (14%)՝ ընտրողների ուղղորդման:

130-ը ընտրատեղամասերի փակման և արդյունքների ամփոփման փուլում են արձանագրվել:

Նախաձեռնության դիտորդները ընտրատեղամասային դիտորդների կողմից արվել է 584 գրանցում, իսկ իրավաբանները Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ են ուղարկել 31 բողոք, որոնք ներառում են հարյուրավոր ընտրախախտման դեպքեր:

Բողոքների կազմման և ներկայացման գործընթացը շարունակվում է:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արձանագրում է հետևյալ խնդիրները. վերահսկվող, կառավարվող քվեարկություն, բաց քվեարկություն, կառավարվող քվեաթերթիկներ և կամքի ազատ արտահայտման վրա գործադրված այլ ճնշումներ, այդ թվում՝ ընտրակաշառք; քվեարկության բարդեցված ընթացակարգ; հանձնաժողովների աշխատանքի ցածր որակ; տեխնիկական գործիքների նշանակալի խափանում; տեղամասերում ոստիկանների զգալի անգործություն; կեղծ դիտորդական առաքելությունների դերակատարում:

Վերոհիշյալ խնդիրների արդյունքում, չնայած այն ակնկալիքին, որ նոր ընտրակարգը վերականգնելու է հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ, արձանագրվում է, որ դա տեղի չի ունեցել:

«Միաժամանակ արձանագրում ենք, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել, դիտորդական առաքելությունը շարունակում է փաստերի ճշգրտումը, վերլուծությունն ու բողոքարկման գործընթացը: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ քաղաքական ուժերին և բարեխիղճ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին միանալ խախտումների փաստագրման և վերլուծության գործընթացին՝ հետևողականություն դրսևորելով հետագա գործողությունների հարցում», - ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%:

Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---