Թուրքիայի վարչապետը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին խելամիտ լինել

PanARMENIAN.Net - «Մեր պետությունների միջեւ հարաբերությունները, ինչպես եւ հարաբերությունները մարդկանց միջեւ, նման են սարդոստայնի: Դրանք կարող են կրել վիթխարի բեռնվածություն եւ դիմանալ մեծ ճնշման: Սակայն եթե ճնշումը ուղղվում է հենց կրիտիկական կետին` ամբողջ սարդոստայնը կարող է ոչնչանալ», - գրում է Թուրքիայի վարչապետը Ռեջեփ Էրդողանը «Կոնգրեսը եւ Հայաստանը» վերնագրով հոդվածում` հրապարակված ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» պարբերականում: Նրա կարծիքով, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի փոխադարձ շահերի սարդոստայնը թելադրում է, որպեսզի մենք անենք ամեն հնարավորը` այն անվնաս պահելու համար մի ժամանակաշրջանում, երբ երկու կողմերն էլ միմյանց կարիքն ունեն առավել քան երբեւէ:



Էրդողանը հույս է հայտնել, թե «առողջ բանականությունը կհաղթի, քանի որ դրա այլընտրանքը չի բխի ոչ ԱՄՆ-ի եւ ոչ էլ Թուրքիայի շահերից»: «Հետեւաբար, ես կոչ եմ անում Միացյալ Նահանգների ժողովրդի ներկայացուցիչներին` ցուցաբերել պետական մտածողություն եւ խորաթափանցություն, որոնք պահանջվում են Թուրքիայի հետ ԱՄՆ-ի` ժամանակի փորձությանը դիմացած գործընկերությունը այն ինքնավնասակար շրջադարձից փրկելու համար, որին կարող է հանգեցնել Ներկայացուցիչների պալատի թիվ 106 բանաձեւի հետագա առաջխաղացումը»,- ընդգծել է թուրք վարչապետը: Թուրքիայի վարչապետը հոդվածում ներկայացրել է նաեւ Հայոց ցեղասպանության հարցում իր երկրի պաշտոնական տեսակետը եւ հիշեցրել անցյալ դարասկզբի ողբերգական իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու` Հայաստանին արած իր առաջարկը, գրելով. - «Թուրքիան միշտ եղել է ձիթենու ճյուղը պարզողը: Բայց մինչ մենք այդ ցավոտ խնդիրը լուծելու եւ Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու ուղիներ ենք փնտրում, մենք չենք կարող ապրել անցյալում: Երկխոսության եւ հաշտեցման մեր անկեղծ առաջարկը սեղանին է: Հաջորդ քայլը պետք է անի Հայաստանը: Մենք նաեւ չենք կարող թույլ տալ, որպեսզի այդ հարցը, որքան էլ այն ցավոտ լինի, մթագնի մեր ապագան»,- նշել է Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---