ԱՄՆ-ը կարեւոր տեղ են զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը կարեւոր տեղ են զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում, հանդիսանալով Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրող խոշորագույն դոնոր, եւ Միացյալ Նահանգների հետ փոխհարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից են: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստին:«Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ եւ դինամիկ զարգացման բնույթ են կրում: Անկախության առաջին տարիներից ի վեր ԱՄՆ կառավարությունը հանդես է եկել Հայաստանի անկախությանն աջակցելու եւ այն ամրապնդելու դիրքերից, որի համար կարեւորագույն խթան են հանդիսացել ժողովրդավարական ճանապարհով անկախության ձեռքբերումը, ժողովրդավարական ինստիտուտների հաստատումը, տնտեսության ազատականացումը եւ Միացյալ Նահանգներում հեղինակավոր ու ազդեցիկ հայ համայնքի առկայությունը: 1992թ. հոկտեմբերից առ այսօր, Ազատության աջակցության ակտի շրջանակներում, ամերիկյան կառավարությունը Հայաստանին հատկացրել է շուրջ 1.7 մլրդ ԱՄՆ դոլարի մարդասիրական եւ տեխնիկական աջակցություն»,- նշել է Հայաստանի վարչապետը:



Նա նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գրանցված բարձր մակարդակն ու դրանց հետագա ընդլայնումը Հայաստանը դիտարկում է որպես մեր երկրի տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային կայունության կարեւոր գրավական: «Հայաստանը ձգտում է ամրապնդել արձանագրված դրական միտումները առաջին հերթին օգտագործելով Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի ձեւաչափը: Այս ձեւաչափն արդեն իսկ ապացուցել է իր կենսունակությունը եւ կարծում եմ` բոլորդ կհամաձայնեք ինձ հետ, որ անհրաժեշտ է պահպանել այս ձեւաչափի գործունեության անխափանությունը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---