ՄԱԿ. Մոսուլին հումանիտար աղետ է սպառնում ԻՊ-ից ազատագրման ընթացքում

ՄԱԿ. Մոսուլին հումանիտար աղետ է սպառնում ԻՊ-ից ազատագրման ընթացքում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ ԻՊ գրոհայիններից Մոսուլի ազատագրման ընթացքում կարող են տուժել խաղաղ բնակիչները:

Ըստ միջազգային կազմակերպության, Հին քաղաքում մնում է մոտ 400.000 խաղաղ բնակիչ, որոնք շրջափակման դեպքում կարող են զրկվել ջրից ու սննդամթերքից: Այն ժամանակ Մոսուլի համար ճակատամարտը կարող է հումանիտար աղետի վերածվել: Այդ մասին ասել է ՄԱԿ-ում Իրաքին հումանիտար օգնության ցուցաբերման գծով համակարգող Լիզ Գրանդեն, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով:

Մոսուլի բնակիչները, որոնց հաջողվել է փախչել գրոհայինների կողմից վերահսկվող տարածքներից, պատմում են, որ այնտեղ գրեթե սննդամթերք չի մնացել: Միակ մատչելի կերակուրը՝ ալյուրից և ջրից պատրաստված լոշիկները կամ ջրով եփած ցորենի շիլան: Այն սակավաթիվ մթերքները, որոնք վաճառվում են, շատ թանկ են և բաշխվում են ԻՊ անդամների և նրանց ընտանիքի անդամների միջև:

Իրաքի նախագահը հումանիտար աղետ է անվանել այն, ինչ կատարվում է Մոսուլում: Ըստ Իրաքի նախագահի, «հումանիտար վիճակը միանշանակ բարդ է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, որպեսզի այն ահաբեկիչների ակտիվության վայր դառնա: Դրա դեմ պայքարել է պետք, այդ պայքարն իր գինն ունի»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---