Ագրամունտին թույլ չեն տվել նախագահել ԵԽԽՎ նիստը

Ագրամունտին թույլ չեն տվել նախագահել ԵԽԽՎ նիստը

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախագահ, իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունտին արգելվել է նախագահել ապրիլի 27-ի նիստը, որտեղ ելույթով է հանդես եկել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը դադարեցվել է Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին նրա Սիրիա ուղևորության պատճառով անվստահության քվե հայտնելու առաջարկի պատճառով:

«Այս պահին ԵԽԽՎ-ում ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ճնշմամբ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնը դեռ (վստահաբար՝ վերջին օրը) զբաղեցնող իսպանացի Պեդրո Ագրամունտին արգելվեց նախագահել այս նիստը, որին Պեդրոն շա՜տ երկար էր սպասել։ Ագրամունտին պարտադրված այս ստորացուցիչ իրավիճակը ցրում է վերջին կասկածները. Ագրամունտը վաղը պետք է հայտարարի իր հրաժարականը»,-մասնավորապես ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավո, որ ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտը կհայտարարի իր հրաժարականի մասին վեհաժողովում Իսպանիայի նախագահի ելույթից հետո. Ագրամունտի համար չափազանց կարևոր է պահպանել պաշտոնը մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը՝ չհեղինակազրկվելով թագավորի առջև:

Ըստ ԶԼՄ-ների, նստաշրջանի փակումից հետո Ագրամունտը կներկայանա Բյուրոյի նիստին՝ հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարելու համար: Սակայն այդ մասին չի հայտարարվի ևս մեկ ամիս: Գրավոր հայտարարությունն այն մասին, որ Ագրամունտը վայր է դնում լիազորությունները, նա կներկայացնի ԵԽԽՎ նախագահական կոմիտեի և Բյուրոյի հանդիպմանը մայիսի 29-ին Պրահայում: Իսկ արդեն Բյուրոյի հաջորդ նիստում, հունիսի վերջում, հնարավոր կլինի նոր նախագահ ընտրել:

Ագրամունտը Եվրոպայի խորհրդի դիտարկման կոմիտեի համազեկուցողն էր Ադրբեջանի գծով: Նա հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով:

Մարտին ԵԽԽՎ պատգամավորների պատվիրակությունը Պեդրո Ագրամունտի ղեկավարությամբ, ինչպես նաև ՌԴ խորհրդարանականները Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Վասիլևի գլխավորությամբ, այցելել էին Սիրիա, որտեղ հանդիպել էին այդ թվում նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: ԵԽԽՎ անդամներից շատերը մտահոգություն էին հայտնել այդ ուղևորության կապակցությամբ: Բացելով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը՝ Ագրամունտը ներողություն է խնդրել իր արարքի համար, այն համարելով սխալ և պարզաբանել էր, որ Ասադի հետ հանդիպել չի նշանակում սատարել նրա ռեժիմին:Ուկրաինայի պատվիրակությունը պահանջել էր նրա հրաժարականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---