ԵՄ. Հակամարտությունները Հարավային Կովկասում սպառնալիք են Եվրոպայի անվտանգությանը

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի Եվրոպական հարեւանության քաղաքականության մասին զեկույցի քննարկումների ժամանակ` Ստրասբուրգում ընթացող Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում, ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները հայտարարել է, որ Հարեւանության քաղաքականությունը ԵՄ հիմնական քաղաքականությունն է եւ նրա հաջողությունը վճռորոշ դեր է կատարում անվտանգության, կայունության եւ բարգավաճման ապահովման գործում, ինչպես դաշնության երկրներում, այնպես էլ հարեւան պետություններում: Ուստի այդ քաղաքականությունը պետք է առավել ազդեցիկ եւ հաստատուն լինի, ինչպես նաեւ ապահովի բոլոր երկրների անվտանգությունը: Վալդները նշել է տարբեր ոլորտների ընդգրկման կարեւորությունն այդ քաղաքականության շրջանականերում: Նրա խոսքերով, Հարեւանության քաղաքականության մեջ այնպիսի հարցեր, ինչպիսիք են տնտեսական ինտեգրումը, քաղաքացիների ազատ տեղաշարժը եւ էներգետիկ քաղաքականությունը առանձնակի տեղ են զբաղեցնում գործընկերների հարաբերություններում: Նա նաեւ նշել է, որ Եվրախորհրդարանը կարող է էական դերակատարություն ունենալ ԵՄ-ի համար կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական համագործակցությունը, մարդու իրավունքները եւ իրավական պետության կառուցումը:



ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ մինչ այս տարվա ավարտը կստեղծվի ԵՄ հարեւանության քաղաքականության ներդրումային հիմնադրամ: Այդ հիմնադրամը կծառայի խոշոր նախագծերի իրականացմանը էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում: Միեւնույն ժամանակ նա կարեւորել է այդ երկրների միջեւ վիզային ռեժիմի պարզեցումը` նրանց միջեւ կապերի ամրապնդման նպատակով:



Վալդները նշել է նաեւ, որ կարեւոր է Հարեւանության քաղաքականության շրջանակներում գործընկեր երկրների քաղաքական պարամետրերի համապատասխանեցումը, եւ անդրադառնալով ԵՄ-ից դեպի արեւելք գտնվող երկրի հետ հարեւանության թեմային, կարեւորել է հատուկ ուշադրությունն այդ երկրների տարածքում առկա «սառեցված հակամարտությունների» կարգավորման հարցին: «Այդ հակամարտությունները խոչընդոտներ են ստեղծում մեր գործընկերների համար բարեփոխումների ճանապարհին, իսկ երբեմն սպառնում են մեր անվտանգությանը: Ուստի Եվրոպական հարեւանության քաղաքականությունը պետք է դրական դեր կատարի համարժեք մթնոլորտ ստեղծելու համար Հարավային Կովկասի «սառեցված հակամարտությունների» կարգավորման հարցում»,-ասել է նա:



Վալդները նշել է նաեւ, որ ԵՄ-ն առավել էական արդյունքների հասնելու համար 2008 թվականին կպատրաստի գործողությունների ծրագիր: «2008 թվականի ապրիլին մենք զեկույցներ կներկայացնենք յուրաքանչյուր երկրի վերաբերյալ: Այդ զեկույցներում մենք կվերլուծենք կատարված աշխատանքը եւ գործընկեր երկրներում գործողությունների ծրագրի իրագործման գործընթացի բարելավմանն ուղղված իրավիճակը»,-հավելել է նա, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---