Առանց ղարաբաղյան գործոնը հաշվի առնելու անլուրջ է զգալի առաջընթաց ակնկալել հակամարտության լուծման գործում

PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խմբի` ՄՃԽ-ի զեկույցում արտացոլվել են ղարաբաղյան հակամարտության առկա կարծրատիպերն ու շաբլոնները: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը: Նրա խոսքերով, առաջին հերթին, դա վերաբերում է արհեստական հավասարությանը, որին ձգտում են գնահատականներ տալիս: «Այդպես, զեկույցում նշվում է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դադարեցնեն սպառազինությունների վտանգավոր մրցավազքը եւ խուսափեն ռազմատենչ հայտարարություններից», ինչը անաչառ գնահատական չես անվանի, քանի որ կողմերի պատասխանատվության չափաբաժինները ռազմատենչ հայտարարությունների համար անհամեմատելի են: Նույնն էլ վերաբերվում է ռազմական ներուժի ավելացմանը: Նման իրավիճակ է նաեւ փոխզիջումների հարցում: Հայկական կողմից փոխզիջումների ընկալման ուրվագծերն, ամեն դեպքում, գոնե պարզ են, ինչը չի կարելի ասել ադրբեջանական կողմի մասին, քանի որ մինչ այժմ ոչ ոք այդպես էլ ընկալելի կերպով չբացատրեց, թե ինչից է հրաժարվում Ադրբեջանը եւ ինչ է պատրաստ զիջել»,-գտնում է հայ խորհրդարանականը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ կարելի էր համակարծիք լինել ՄՃԽ-ի հետ, որը համարում է, թե «անհրաժեշտ է ամրապնդել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի դերը, պարբերաբար անցկացնել քննարկումներ եւ ֆինանսավորել եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում, նպաստելու համար ոչ միայն ինստիտուցիոնալ զարգացմանը մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաեւ վստահության ավելացմանը»:



«Կարելի է համաձայնվել այս մտքի հետ, եթե հաշվի առնենք բոլոր տարածաշրջանային գործոնները եւ բոլոր խաղացողների շահերը: Օրինակ, առանց ղարաբաղյան գործոնը հաշվի առնելու անլուրջ է զգալի առաջընթաց ակնկալել հակամարտության լուծման գործում: Իսկ Ղարաբաղը վաղուց արդեն տարածաշրջանային ռազմաքաղաքական հավասարակշռության մաս է կազմում: Դա ոչ միայն հաշվի առնված չէ զեկույցում, այլ ավելին, պնդվում է, թե այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղն ու մերձակա շրջանների մեծ մասը գրավված են հայկական ուժերի կողմից: Լեռնային Ղարաբաղի առումով ստացվում է, որ մենք օկուպացիայի ենք ենթարկել մեր սեփական տունը: Ինչ վերաբերում է մինչեւ ընտրությունները որեւէ փաստաթղթի ստորագրմանը, անկեղծ ասած, ինձ համար ի սկզբանե, հասկանալի չէր կարգավորման առնչումը ընտրական գործընթացների հետ: Սակայն միջնորդների համար արդեն ավանդույթ է դարձել դիտարկել բանակցային գործընթացը հենց այդ տեսակետից, ուստի ես կարծում եմ, որ մինչ ընտրությունները փաստաթուղթ ստորագրելը հազիվ թե հնարավոր է»,-ընդգծել է Բաղդասարյանը: Նա նաեւ նկատել է, որ մտահոգություն է առաջացնում զեկույցի ոչ միայն որոշ ձեւակերպումների, մեղմ ասած, վիճահարույց լինելը, այլ նաեւ միանշանակ պնդումները պատերազմի վերսկսման հավանականության մասին:



«Այս իրավիճակում կարեւոր է հասկանալ, թե ինչի՞ն է ուղղված այդ «զգոնությունը»` պատերազմի կանխմանը թե պատերազմի անխուսափելիության մասին մտքերի արմատացմանը: Չի բացառվում, որ դա լոկ պատերազմի սպառնալիքով խաղաղությունն ամրապնդելու փորձ է»,-ասել է նա, հաղորդում է KarabakhOpen-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---