Մ-21 հավաքականի մարզիչ. 35-40 ֆուտբոլիստի ցուցակ ունենք, որոնց հետևում ենք

Մ-21 հավաքականի մարզիչ. 35-40 ֆուտբոլիստի ցուցակ ունենք, որոնց հետևում ենք

PanARMENIAN.Net - Մոտ 35-40 ֆուտբոլիստի ցուցակ կա, որոնք կարող են Մ21 հավաքական հրավիրվել: Այս մասին Եվրոպայի 2019 թվականի Մ-21 առաջնության Ջիբրալթար-Հայաստան ընտրական հանդիպումից հետո հայտնել է Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:

Հունիսի 13-ին Պորտուգալիայի Ֆարո քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբի հանդիպումը Ջիբրալթարի և Հայաստանի Մ-21 հավաքականների միջև: 9-րդ րոպեին Նարեկ Պետրոսյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին, իսկ 74-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը կրկնապատկեց հաշիվը` 0:2: 85-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը ձևակերպեց վերջնահաշիվը՝ 0:3: Այսպիսով, Հայաստանի Մ-21 հավաքականհը ջախջախիչ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի Մ-21 2019 թ. առաջնության ընտրական փուլում:

«Արտեկրում կան ֆուտբոլիստներ, որոնց արդեն այս հավաքի ժամանակ հրավիրել էինք թիմ, կան ֆուտբոլիստներ, որոնց հետևում ենք, ինչպես նաև հրավիրվելու են Հայաստանի առաջնությունում հանդես եկող խաղացողներ։ Մենք ունենք մոտ 35-40 ֆուտբոլիստների ցուցակ, որոնց անընդհատ հետևում ենք և բացառված չէ, որ նրանցից ոմանք կհրավիրվեն հաջորդ խաղին», - ասել է մարզիչը, հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:

«Սպասում էինք, որ դժվար խաղ է լինելու, քանի որ ուսումնասիրել էինք Ջիբրալթարի հավաքականին Ավստրիայի հետ խաղում։ Ամբողջ թիմով պաշտպանվում էին և ազատ գոտիներ չէին թողնում։ Ըստ այդմ, տղաներին ասել էինք, որ համբերատար լինեն, սպասեն հարմար պահերի և օգտվեն դրանցից։ Շատ լավ է, որ կարողացան արագ գոլ խփել և վստահ անցկացրեցին հանդիպումը։

Իհարկե սխալներ և բացթողումներ եղան, բայց դա ժամանակի հարց է, նոր թիմ է ստեղծվել, և ժամանակի ընթացքում այդ ամենը կուղղենք», - ասել է մարզիչը:

Ոսկանյանի խոսքով, Ռուսաստանի հավաքականի հետ խաղին դեռ երկար ժամանակ կա, և նախապատրաստական փուլը մեծապես կախված է տղաների մարզավիճակից, և այն հանգամանքից, թե որ թիմերում են խաղալու։

«Բոլոր դեպքերում լրջորեն մոտենալու ենք այդ խաղին, քանի որ Ռուսաստանի հավաքականը շատ ուժեղ է և ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար»։, - հավելել է մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---