Մարզիչ. Սոնա Պողոսյանը մեդալ է նվաճել՝ վնասվածք ու ցավեր ունենալով

Մարզիչ. Սոնա Պողոսյանը մեդալ է նվաճել՝ վնասվածք ու ցավեր ունենալով

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականներն Տոկիոյից վերադարձել են Երևան: Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հայտնել է, որ գոհ է Սոնա Պողոսյանի և Արփինե Դալալյանի մասնակցությունից:

Տոկիոյում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը +90 կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Սոնան փոքր արծաթե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում` գլխավերևում պահելով 125 կգ: Իսկ պոկում վարժությունում հայ ծանրորդը 4-րդն էր (98 կգ):

«Կիլոգրամների առումով ինչ սպասում էի, եղավ: Սոնան ուսի վնասվածք և նստաներվի բորբոքում ուներ: Բայց որոշակի ցավեր ունենալով՝ կարողացավ մեդալ նվաճել իր և հավաքականի համար: Դա Սոնայի առաջին մեդալն էր աշխարհի առաջնություններում:

Ինչ վերաբերում է Արփինե Դալալյանին, երևում է, որ նա սկսել է աճել, մրցահարթակում հասունանալ: Տոկիոյում Արփինեն կայուն հանդես եկավ, անձնական արդյունքը բարելավեց 14 կգ-ով՝ զբաղեցնելով չորրորդ տեղն աշխարհում: Նա 18 տարեկան է և դեռ երկու տարի ունի այս տարիքային խմբում հանդես գալու համար», - ասել է մարզիչը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մարզիչը նաև ասել է, որ Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը սկսելու են նախապատրաստվել հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---