Թուրքերը պնդում են, որ չեն մասնակցել Երեւանում կայացած խորհրդարանական լսումներին ռամազանի պատճառով

PanARMENIAN.Net - «Ես հրավեր եմ ստացել Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանից` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցելու մասին: Եվ որքան էլ նման միջոցառումները անկարող լինեն հանգեցնելու արագ արդյունքի, սկզբունքորեն դրանք օգտակար են, քանի որ հնարավորություն են տալիս կողմերին ավելի դյուրին ըմբռնել միմյանց տեսակետները: Սակայն քանի որ այդ օրերը համընկան ռամազանի տոնի հետ, նախատեսված էին նաեւ այլ միջոցառումներ, ես հաղորդեցի, որ չեմ կարող մասնակցել»,-ասվում է Ա.Ռուստամյանին հասցեագրված Անկարայի Եվրասիական ռազմավարական կենտրոնի Հայկական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, նախկին դեսպան Օմեր Էնգին Լյուտեմի նամակում: Նրա խոսքերով, միջոցառմանը հրավիրվել էին շուրջ 20 թուրք ներկայացուցիչներ: «Նրանց թվում էին հայկական տեսակետը լիովին կիսող Թաներ Աքչամը, Ֆատմա Մյուզե Գեչեկը, Հալիլ Բերքթայը, Օրհան Փամուկը եւ Բասկին Օրանը, ինչպես նաեւ Ջան Պեկերը, որը ներկայացնում է Եվրամիության տեսակետը: Ինձ հետ միասին հրավիրվել էին նաեւ Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Ղալաչօղլուն, Անկարայում Ռազմավարական հետազոտությունների կազմակերպության տնօրեն Սեդաթ Լաչիները: Հավանաբար, հրավիրվել էր նաեւ Ստամբուլի հայոց պատրիարք Մութաֆյանը` թրքահայերի տեսակետը ներկայացնելու համար: Հրավիրվածների թվում էր նաեւ արտգործնախարար Ալի Բաբաջանը: Ենթադրվում էր, որ կհրավիրվեն նաեւ Թուրքիայի Մեծ Ազգային Ժողովի որոշ պատգամավորներ»,-գրում է Օմեր Լյուտեմը:



Նախկին դիվանագետը գտնում է, որ հրավերը չափազանց ուշ է ուղարկվել: Մինչդեռ, դեկտեմբերի 19-ին Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե թուրք ներկայացուցիչների մասնակցությանը դեմ է Թուրքիայի կառավարությունը: «Մենք տրամադրել ենք անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ, սակայն Անկարան որոշել է, որ թուրք պատմաբանների ներկայությունն այդ լսումներին անցանկալի է: Մենք մեր հերթին պատրաստակամություն ենք հյատնել մասնակցելու նմանատիպ քննարկումներին Թուրքիայում` եթե վերանայվի 301-րդ հոդվածը, որն ուղղված է խոսքի ազատության դեմ»,-ասել է Ռուստամյանը:



«Ինչպես ես արդեն նշել եմ, նման լսումները կողմերին հնարավորություն են տալիս հասկանալ միմյանց տեսակետները եւ այդպիսով նպաստում են երկխոսության հաստատմանը: Այդ առումով, մենք նպատակահարմար ենք համարում մոտակա ամիսներին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ լսումների անցկացումը Թուրքիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի կողմից»,-գրում է իր նամակում Լյուտեմը:



Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-20-ին Երեւանում խորհրդարանական լսումներ են կայացել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---