Եվրախորհրդարանը բացառում է ղարաբաղյան խնդրի լուծման ռազմական ուղին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանն ընդունել է «Հարավային Կովկասի նկատմամբ ավելի արդյունավետ ԵՄ քաղաքականություն. խոստումներից դեպի գործողություններ» բանաձեւ-զեկույցը, որտեղ ասվում է ղարաբաղյան հակամարտության եւ Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանում նկատվում է ժողովրդավարական բարեփոխումների հաջող ընթացք եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի արդյունավետ կատարում: Եվրախորհրդարանը հիշեցնում է, որ 2007 թվականին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին եւ կոչ է անում պահպանել այդ մակարդակը փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում:

«Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումն անհրաժեշտ է եվրոպական հարեւանության կայունության համար, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Հակասություններրը ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության միջեւ հանգեցնում են Հարավային Կովկասի չկարգավորված հակամարտությունների ձգձգմանը: Այդ խնդիրներրը պետք է կարգավորվեն միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով»,-ընդգծվում է Եվրախորհրդարանի բանաձեւում:



Անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, բանաձեւը ընդգծում է, որ նախագիծը շրջանցում է գոյություն ունեցող եւ օգտագործման պատրաստ Հայաստան-Թուրքիա երկաթգիծը եւ նպաստում Հայաստանի մեկուսացմանը: Այն նաեւ կոչ է անում Հարավային Կովկասի երկրներին եւ Թուրքիային վարել տարածաշրջանային տնտեսական ինտեգրման քաղաքականություն եւ ձեռնպահ մնալ անպիսի անհեռատես եւ քաղաքականապես հիմնավորված էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերից, որոնք խախտում են Եվրոպական Նոր Հարեւոնություն քաղաքականության սկզբունքները:

Բանաձեւը կոչ է անում Թուրքիային գործադրել լրջագույն եւ ինտենսիվ ջանքեր` կարգավորելու խնդրահարույց վերճերը իր բոլոր հարեւանների հետ` միջազգային նորմերի համաձայն, հորդորելով Եվրոպական խորհրդին եւ Հանձնաժողովին` Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների հետ ներգրավվել հայ-թուրքական սահմանի բացման խնդրին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---