ԼՂՀ-ն հայտարարել է Ադրբեջանի հետ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամության մասին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ Արցախի Վերածննդի օրվա առթիվ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Ինքանավար Մարզի ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի ընդունած որոշման 20-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը.



- արձանագրում է Արցախի ժողովրդի` ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված եւ նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախությամբ օժտված` ժողովրդավարական, ինքնիշխան պետության կառուցման վճռականությունը, որն ամրագրված է 2006թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեով ընդունված ԼՂՀ Սահմանադրությամբ.



- հայտարարում է Ադրբեջանի հետ հակամարտությունը բացառապես բանակցությունների միջոցով լուծելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատրաստակամության մասին.



- պնդում է, որ Ադրբեջանի իշխանությունները հարգեն միջազգային հանրության, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջեւ ստանձնած պարտավորությունները, հրաժարվեն առճակատման անհեռանկար քաղաքականությունից եւ հետագա քայլերն ուղղեն բացառապես կողմերի միջեւ հանդուրժողականության եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչը դրական լիցք կհաղորդի համապարփակ կարգավորման ուղիների որոնման ջանքերին.



- դիմում է բոլոր երկրների խորհրդարաններին, Միավորված ազգերի կազմակերպությանը եւ միջազգային մյուս շահագրգիռ կառույցներին` կոչ անելով աջակցել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրյալ ներկայացուցիչների միջեւ երկխոսությանը.



-վստահություն է հայտնում, որ միջազգային հանրությունը արժաննվույնս գնահատում է ժողովրդավարական, իրավական պետություն կառուցելու, քաղաքացիական հասարակություն ձեւավորելու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ձեռքբերումները եւ ըմբռնումով է վերաբերվում ազատ պետությունների ընկերակցության լիիրավ անդամ դառնալու նրա ձգտումներին»:



Սույն հայտարարությունը հրապարակվել եւ համընդհանուր հավանության է արժանացել Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում կայացած համահանրապետական բազմահազարանոց հանրահավաքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---