Հայաստանում համաձայնագիր է ստորագրվել կոալիցիոն կառավարության ձեւավորման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կառավարությունում ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Հանդիպումից հետո նրանք ստորագրել են Քաղաքական համագործակցության համաձայնագիր, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Համաձայնագրում մասնավորապես ասվում է. «2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունները փուլային նշանակություն ունեն մեր երկրի համար



- կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում քաղաքական համակարգի զարգացման եւ արդիականացման, երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները հաղթահարելու, կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի, երկրում անվտանգության համակարգի ամրապնդման ու զարգացման հրամայականները,



- միջազգային հանրությանն առավել ինտենսիվ կերպով ինտեգրվելու, տնտեսության ազատ եւ մրցակցային զարգացման, հասարակական առողջ հարաբերությունների եւ դեպի զարգացում տանող քաղաքական գործընթացների անհրաժեշտությունը,



- ժողովրդավարական սկզբունքների հիման վրա արդյունավետ գործող քաղաքական ինստիտուտների ձեւավորման, առողջ մրցակցային ու գործընկերային հարաբերությունների մշակույթի արմատավորման անհրաժեշտությունը, հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները, նկատի ունենալով, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի` նախագահական ընտրություններում ստացած հանրային վստահության քվեն համագումարով գերազանցում է ավելի քան 1.100.000 ձայնը, որը կազմում է քվեարկությանը մասնակից քաղաքացիների շուրջ 70%-ը,



- ողջունելով եւ համաձայնություն արտահայտելով ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունն ուղղված ՀՀ նախագահի թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին` համագործակցելու պետության ռազմավարական ղեկավարման համակարգում, եւ ստանձնելու ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները,



ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը կնքում են քաղաքական գործակցության համաձայնագիր կոալիցիոն կառավարություն կազմավորելու ձեւաչափով` այլ համագործակից ուժերի հետ միասին ի նպաստ երկրի եւ ժողովրդի զարգացման եւ անվտանգության»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---