Սպորտում նվաճումներ ունեցողների տարկետման պայմաններն են սահմանվել

Սպորտում նվաճումներ ունեցողների տարկետման պայմաններն են սահմանվել

PanARMENIAN.Net - Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի: Համապատասխան օրենքի նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում:

Նախագծով սահմանված պայմաններով, տարկետում կարող են ստանալ օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների, երիտասարդների, պատանիների), օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները:

Տարկետում կարող է տրվել նաև այն մարզիկներին, որոնք առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ են ձեռք բերել:

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված և առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները նույնպես տարկետման իրավունքից կարող են օգտվել:

Տարկետման իրավունք ունեն նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) անդամ մարզիկները, սակայն ոչ ավելի, քանի յուրաքանչյուր հավաքականից՝ 22 մարզիկ:

Նախագծով սահմանված պայմանները բավարարելու դեպքում քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում կտրվի չորս տարի ժամկետով:

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---