Չնայած վերջին իրադարձություններին, Հայաստանը շարունակում է առաջ ընթանալ

PanARMENIAN.Net - «Մենք հակառակորդներ էինք նախագահական ընտրություններում, սակայն մեզ միավորեց Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու եւ զարգացման նորմալ ուղի վերադարձնելու ցանկությունը»,-գրում են Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը «The Washington Post» թերթում` «Moving Forvard in Armenia» հոդվածում:



Հեղինակները հիշեցնում են, որ Հայաստանը կայուն եւ ժողովրդավարական երկրի համբավ ուներ վտանգավոր տարածաշրջանում, սակայն այժմ այդ համբավը սասանվել է: «Չնայած նրան, որ միջազգային դիտորդները դրական գնահատեցին փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունները, դժգոհ ընդդիմությունը դուրս եկավ փողոց` մարդկանց կարծիքը փոխելու նպատակով: Անկարգությունների եւ զինված ընդհարումների արդյունքում շուրջ 100 հոգի վիրավորվել են եւ 8-ը զոհվել, որից մեկը` ոստիկան է: Խարխլվեց ժողովրդի հավատը տնտեսության ու քաղաքական ինստիտուտների հանդեպ: Արմատական մասը հետեւեց ընտրություններում տանուլ տված նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ետեւից, որն ընտրեց հակաժողովրդավարական եւ պոպուլիստական ուղի, որի արդյունքում հրահրվեցին զանգվածային անկարգություններ եւ ընդհարումներ ոստիկանության հետ»,-ասվում է հոդվածում: Հեղինակները պնդում են, որ առաջընթացը հնարավոր է բացառապես երկխոսության եւ բարեփոխումների միջոցով: «Ժողովրդավարության մեջ տեղ չկա բռնության համար: Ուստի, մենք դիմում ենք նրանց, ով դեռեւս շարունակում է անկայունություն սերմանել, կոչ անելով միանալ քաղաքական երկխոսությանն ու օգնել մեզ առաջ տանել մեր երկիրը դեպի բարգավաճում: Մեր ձեւավորած քաղաքական դաշինքը ժողովրդավարական ոգով եւ փոխզիջման հիման վրա աշխատելու փորձ է: Մեզ են իրենց քվեն տվել հայ ընտրողների 70 տոկոսը եւ դա լուրջ մանդատ է: Այս հիմքի վրա էլ մենք մտադիր ենք անցկացնել ամբիցիոզ, սակայն իրատեսական բարեփոխումներ, ուղղված ժողովրդավարության ամրապնդմանն ու սոցիալ-տնտեսական առաջընթցին մեր երկրում»,-ասվում է հոդվածում:



Հրապարակման մեջ նշվում է նաեւ, որ Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին մարտահրավերների առջեւ: «Առաջինը` ղարաբաղյան հակամարտությունն է, երկրորդը` Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը: Միայն այն կառավարությունը, որն օգտվում է բնակչության աջակցությունից, կարող է լուծել այդ խնդիրները: Մենք նաեւ շարունակում ենք կոչ անել միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ այդ հարցը եւս խանգարում է մեր առաջընթացին: Մենք հասկանում ենք, որ մեր պետության բոլոր խնդիրները չեն կարող լուծվել միայն կոալիցիոն կառավարության կողմից: Մենք կոչ ենք անում այն մի քանի հարյուր հազար ընտրողներին, որոնք դժգոհ են, եւ հայտարարում ենք, որ պետք է գանք փոխըմբռնման: Մեր գերակայությունը` թափանցիկ կառավարությունն է, մենք ունենք հստակ օրակարգ, որը մենք կհրապարակենք: Մենք պայքարելու ենք կոռուպցիայի դեմ: Մենք չպետք է ժամանակ կորցնենք` մեր անելիքները շատ են: Անկախ վերջին իրադարձություներից, մեր երկիրը շարունակում է առաջ ընթանալ: Միջազգային հանրությունը կշահի` սատարելով Հայաստանի կայուն, թափանցիկ եւ ընտրված կառավարությանը»,-գրում են Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը «The Washington Post» թերթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---