Ադրբեջանը ձգտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից հեռացնել Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային

PanARMENIAN.Net - Բաքվի իշխանությունները ձեռնամուխ են եղել մի խնդրի լուծմանը, որն ակնհայտորեն դուրս է բացառապես իրենց իրավասության սահմաններից: Այդ մասին ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Նրա կարծիքով, Ադրբեջանի իշխանություններն իրենց գործողություններով փորձում են համոզել միջազգային հանրությանը, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ որպես համապիտանի նորմ ամրագրված մարդու իրավունքների եւ ազատությունների հարգման սկզբունքի կիրառումը Ղարաբաղի հայերի նկատմամբ բացառապես Ադրբեջանի ներքին գործն է: «Նրանց նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորազերծումն (դեզավուացում) է եւ նրա կազմից Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հեռացումը` կապված Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ժամանակ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների կիրառման նկատմամբ այդ պետությունների ցուցաբերած համակարգային մոտեցման հետ: Բանն այն է, որ Բաքվի քաղաքական գործիչները փորձում են միջազգային հանրությանը պարտադրել Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ լուծման նկատմամբ կիրարկված միջազգային իրավունքի իրենց տեղային-պատեհապաշտական մեկնաբանումը: Եվ դա անում են ,օրինաստեղծների ու անառարկելի մեկնաբանողներիե գոռոզամտությամբ ոչ միայն իրենց տանը, այլեւ միջազգային լսարաններում: Հարեւան պետության ղեկավարը, ԱԳՆ-ի պաշտոնյաները, հայտարարելով, թե Բաքվի իշխանությունները հավատարիմ են ,հակամարտության լուծմանը միջազգային իրավունքի նորմերին խստագույն համապատասխանությամբե, այդ համապատասխանությունը համառորեն հանգեցնում են միջազգային իրավունքի նորմերից միայն մեկին` տարածքային ամբողջականության հայտնի սկզբունքին, եւ անտեսում են մյուս նորմերը, որոնք կիրառվում են Ղարաբաղյան հակամարտության նման հիմնախնդիրների քննարկման ժամանակ: Այդ համատեքստում ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի անտեսումը ունի զուտ ձեռնածության բնույթ: Միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ Բաքվի այդ միակողմանի մոտեցումը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահության մասնագիտորեն պայմանավորված դիրքորոշումների վրա»,- ընդգծել է գեներալ-մայոր Քոթանջյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---