Հայաստանը պատրաստ է շարունակել Ղարաբաղի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում

PanARMENIAN.Net - ԱյսօրՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նորընտիր նախագահ, ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Կրեմլում ողջունելով Սերժ Սարգսյանին` Դմիտրի Մեդվեդեւը նախ շնորհավորել է նրան ՀՀ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Նշելով, որ սա նոր կարգավիճակում Սերժ Սարգսյանի առաջին այցն է ՌԴ, պարոն Մեդվեդեւը հույս է հայտնել, որ Հայաստանի նորընտիր նախագահի ղեկավարության ներքո եւս կշարունակվեն վերջին տարիներին ամուր հիմքերի վրա դրված հայ-ռուսական հարաբերությունները, եւ երկու երկրները կկարողանան լիարժեք ու բազմակողմանի համագործակցություն ծավալել ամենատարբեր ոլորտներում` ի նպաստ Հայաստանի եւ Ռուսաստանի, երկու երկրների ժողովուրդների:



ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ փոխադարձաբար շնորհավորել Դմիտրի Մեդվեդեւին` մարտի 2-ին կայացած ՌԴ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի եւ հաջող անցկացված ընտրությունների կապակցությամբ: Ընդգծելով, որ Հայաստանում պարոն Մեդվեդեւին ճանաչում են իբրեւ հմուտ քաղաքական եւ պետական գործչի, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրա կողմից ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո եւս երկու պետությունների միջեւ համագործակցությունը կշարունակվի ռազմավարական ործընկերության նույն ոգով:



Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Դմիտրի Մեդվեդեւի այցի հրավերը Հայաստան` նրան հարմար ժամկետում, ինչը շնորհակալությամբ ընդունվել է: ՌԴ նորընտիր նախագահը նշել է, որ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջիններից մեկը կայցելի Հայաստան Սերժ ՍՈրգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ետընտրական զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ իշխանություններին` ընտրություններից հետո Հայաստանի համար դժվարին օրերին սատար լինելու, ըմբռնման եւ դժվարությունների հաղթահարման գործում աջակցության համար:



Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների, այդ թվում` ԱՊՀ-ի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը: Երկուստեք բավարարվածություն է հայտնվել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակից: Ընդգծվել է, որ տնտեսական կապերը երկու երկրների միջեւ դինամիկ զարգանում են, Ռուսաստանի Դաշնությունը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի առեւտրատնտեսական գործընկերների շարքում, ինչին մեծապես նպաստում է նաեւ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:

ՀՀ եւ ՌԴ նորընտիր նախագահները խոսել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակել բանակցությունները եւ վստահեցրել, որ` իբրեւ ՀՀ նորընտիր նախագահ, պատրաստ է ադրբեջանական կողմի հետ վերսկսել բանակցությունները:



Հանդիպման ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո, հրավիրել է մասնակցելու Սանկտ-Պետերբուրգում հունիսի 6-8-ը կայանալիք Տնտեսական համաժողովին, որը շնորհակալությամբ է ընդունվել:



Հանդիպման ավարտին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին կառուցողական երկխոսության համար եւ հաջողություններ մաղթել ՌԴ նորընտիր նախագահին:



Օրվա ընթացքում սպասվում են նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումները Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---