Նալբանդյան. ՀՀ-ում ազատ երթերն ու ցույցերն անհնար կլինեին առանց վերջին տարիների բարեփոխումների

Նալբանդյան. ՀՀ-ում ազատ երթերն ու ցույցերն անհնար կլինեին առանց վերջին տարիների բարեփոխումների

PanARMENIAN.Net - Արտերկրում բնակվող հայերն էլ ունեն իրենց հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ կարծիք հայտնելու իրավունք: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը«Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով վերջին օրերին արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների առջև ցույցեր կազմակերպելու երևույթին:

«Չեմ կարծում, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ ներխուժելը, դրանց աշխատանքը խոչընդոտելը, սեփական Հայրենիքի ներկայացուցչությունները վարկաբեկելու փորձերը և դրանք առցանց ցուցադրելը կարելի է համարել հայրենասիրության դրսևորում: Համոզված եմ, որ կարծիք արտահայտելու քաղաքակիրթ ձևեր կան»,-ասել է նա:

Խոսելով բողոքի ակցիաների մասին միջազգային մամուլի հրապարկումների մասին՝ Նալբանդյանն ասել է. «Միջազգային կառույցներն ու մեր գործընկեր երկրները լավագույնս տեղեկացված են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, առաջին հերթին, քանի որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման բարեփոխումներն իրականացվել են նրանց հետ համագործակցությամբ: Այն ինչ այս ուղղությամբ իրագործվել է հատկապես վերջին տասնամյակում կասկածի տեղ չի թողնում, որ Հայաստանում հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացը կայուն և անդառնալի է։ Այդ համագործակցության արդյունքում է նաև, որ սահմանադրական բարեփոխումները և նախորդ տարի Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացան միջազգային կառույցների հիմնականում բավական դրական գնահատականների: Հենց դրանց արդյունքում է, որ Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին»:

Նա հավելել է, որ Հայաստանում ազատորեն իրականացվող երթերն ու ցույցերը անհնար կլիներ պատկերացնել առանց վերջին տարիների հետևողական ու շարունակական բարեփոխումների կյանքի կոչման։

«Գուցե այդքան էլ ճիշտ չէ զուգահեռներ անցկացնել, այնուամենայնիվ, որո՞նք են այն երկրները, ուր կարող է հանդուրժելի համարվել տևական ժամանակով քաղաքացիների ազատ տեղաշարժի խոչընդոտումը, կրթօջախներ, պետական հիմնարկներ և այլ հաստատություններ ներխուժելու փորձերը, նրանց բնականոն աշխատանքի խաթարումը, հանրային ու մասնավոր գույքի վնասումը, հասարակական կարգի խախտումը և այլն:

Հստակ է, որ իրավապահների գործողություններն այս օրերին ոչ թե զուտ համարժեք են եղել, այլև շատ դեպքերում` նաև առավել քան զսպված: Իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգը պահպանելուն ուղղված միջազգային չափանիշներին համապատասխան արհեստավարժ, համարժեք գործողությունները նաև ԵԱՀԿ-ի և գործընկեր այլ կառույցների հետ տարիների համագործակցության արդյունք են»,-ասել է ԱԳ նախարարը:

Ինչ վերաբերում է միջազգային մամուլի արձագանքին, ապա նախարարը նշել է, որ բավական անդրադաձ եղել է: Եվ դա բնական է: Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես ու առանց խոչընդոտների սփռվում են մեր երկրում ազատորեն գործող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվական գործակալությունների միջոցով: Սա էլ է կարևոր ցուցանիշ:

«Կամ վերցնենք համացանցի ու սոցիալական ցանցերի ազատ գործունեությունը, Հայաստանում աշխույժ քաղաքացիական հասարակության առկայությունը, որը ձևավորվել է հենց վերջին տարիներին: Այս ամենը հնարավոր է դարձել Հայաստանի կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքականության շնորհիվ և բազմիցս արժանացել է մեր միջազգային գործընկերների գնահատանքին: Հիմնարար ազատությունների հարգումը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, գործուն քաղհասարակության առկայությունը, խոսքի, հավաքների ազատությունը Հայաստանի ձեռքբերումներից են»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---