Գյումրու քաղաքապետը՝ ՌԴ դեսպանին. Ձեր տանկերը փչացնում են մեր ճանապարհները, նորոգեք դրանք

Գյումրու քաղաքապետը՝ ՌԴ դեսպանին. Ձեր տանկերը փչացնում են մեր ճանապարհները, նորոգեք դրանք

PanARMENIAN.Net - Ռուսական ռազմակայանի ծանր տեխնիկան, տանկերը, փչացնում են Գյումրու ճանապարհները, անհրաժեշտ է վերանորոգել դրանք: Այդ մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը, գրում է «Առավոտը»:

Հանդիպմանը մասնակցել են նաև Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը և 102-րդ ռազմաբազայի ղեկավարները:

Քաղաքապետը դեսպանին խնդրել է ծանոթանալ ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուին Գյումրու քաղաքապետարանի կողմից հղված նամակին, որով Գյումրու քաղաքապետը խնդրում է Ռուսաստանի Դաշնությանը իր միջոցներով վերանորոգել Գյումրու այն փողոցները, որոնք անընդմեջ վնաս են կրել ռուսական 102-րդ ռազմակայանի ծանր տեխնիկայից։ Սամվել Բալասանյանը նորանշանակ դեսպանին ասել է, որ խոսքը 10 կիլոմետր հատվածի մասին է։

Այդ հատվածն ընդգրկում է ռազմաբազայի շուրջբոլորը, Շիրակացու փողոցը շրջանցող ճանապարհը և «Կազաչի պոստի» հատվածը։

«Այն ծանր տեխնիկան, ասենք տանկերը, որոնք անցնում են այդ ճանապարհներով, փչացնում են մեր ճանապարհները, անհրաժեշտ է վերանորոգել։ Համաձայնություն եղել է։ Միգուցե դուք դեռ տեղյակ չեք, բայց անհրաժեշտ է վերանայել, սա լավ ծրագիր է, պետք է իրագործել։ Անգամ արժեք էր հաշվարկված, դրանք պարտադիր պիտի վերանորոգվեն, այդ ճանապարհներն անցնում եմ մեր «Մայր Հայաստանով», ռազմաբազայի շրջակա ճանապարհներն են։ Ես ձեզ անգամ կարող եմ ներկայացնել փաստաթղթերի փաթեթը։ Խնդրում եմ օգնեք վերանորոգել, որովհետև սա մեր քաղաքի համար ամենագլխավոր հարցն է»,- ասել է քաղաքապետը։

Դեսպանը նշել է, որ ինքը տեղյակ է հարցին, կքննարկեն հանձնաժողովի հետ։

Սամվել Բալասանյանը դեսպանին առաջարկել է նաև վերանորոգել Սլաբոդկա թաղամասում գտնվող ռուսական փոստի պատմական շենքը։ Նա նաև ասել է, որ 8-րդ զինվորական թաղամասն ուզում են հանձնել Գյումրի համայնքի հաշվեկշռին։ Սակայն, ըստ քաղաքապետի, այն մեծ հոգս է քաղաքի համար, քանի որ բավական շատ խնդիրներ կան, չգիտի, թե ում են տվել այդ բնակարանները, ովքեր են տերերը, կան բնակարաններ, որոնց գազի, լույսի պարտքերը չեն մուծել։ «Այս հարցը նույնպես պետք վերանայել, որովհետև հենց այնպես տալ քաղաքին, մեր բյուջեն փոքր է, լավ կլինի օգնեք»,- ասել է Սամվել Բալասանյանը։

Նա դեսպանին նաև տեղեկացրել է, որ 8-րդ զինվորական թաղամասում կան կիսակառույցներ, որոնց ապագան ևս մշուշոտ է։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---