Էդվարդ Նալբանդյանը հուսով է, որ մի օր Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները միասին կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 24-ին այցելեց Փարիզի քաղաքապետարան եւ ելույթ ունեցավ քաղաքապետարանի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության հիշատակի ընդունելությանը, որին ներկա էին Ֆրանսիայի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, Ֆրանսիայի հայկական, հրեական եւ իսլամական կազմակերպությունների ղեկավարներ, հոգեւոր հարանվանությունների պետեր, մտավորականներ, մոտ հազար ֆրանսահայեր:



Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Բերտրան Դելանոեին արդեն ավանդույթ դարձած այդ քաղաքացիական միջոցառման նախաձեռնման կապակցությամբ` ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ետպատերազմյան Եվրոպայի ղեկավարների ցուցաբերած իմաստնությունը եւ քաղաքական խիզախությունը` հանուն խաղաղ եւ համերաշխ ապագայի հաշտեցնելու պատերազմներից ու թշնամանքներից ջլատված Եվրոպայի ժողովուրդներին:



«Մեր հիշողության մեջ հառնում են Ֆրանսուա Միտերանի եւ Հելմուտ Քոլի խորհրդանշական կերպարները, որոնք ձեռք-ձեռքի գլուխ են խոնարհել 1870-ից մինչեւ 1945 թիվն ընկած երեք մահաբեր պատերազմներին զոհ գնացած ֆրանսիացի եւ գերմանացի զինվորների գերեզմանների առջեւ: Իրենց մեծ նախորդների` գեներալ դը Գոլի եւ կանցլեր Ադենաուերի նման, նրանք վաստակեցին իրենց ժողովուրդների երախտիքը եւ առհավետ մտան մարդկության պատմության մեջ», ասաց Է. Նալբանդյանը:



«Հույս ունեմ, որ մի օր էլ հայ եւ թուրք ղեկավարները միասին կխոնարվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշի առջեւ եւ անցյալի ծանր բեռից ազատված մեր ժողովուրդները միասին կկառուցեն ապահով ապագա», հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:

«Մեր ժողովուրդների ապագան անհնար է պատկերացնել առանց հաշտեցման եւ հաշտության ուղին ոչ թե մոռացությունն է, այլ գիտակցված հիշողությունը, քանի որ միասին շրջելով մեր պատմության սեւ էջը կարելի է վստահությամբ ու հավատով նայել մեր ապագային, ասաց Է. Նալբադյանը: Ես հավատում եմ մեր երկու երկրների ղեկավարների եւ ժողովուրդների իմաստնությանը: Հայաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու ջանքեր գործադրել այդ ուղղությամբ լուծումներ գտնելու համար եւ հույս ունի, որ նույն մոտեցումը կցուցաբերի Թուրքիան: Դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները, դրանից կշահեն մեր ժողովուրդները», ասաց ՀՀ ԱԳ նախարարը:



Իր ելույթում Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն, շնորհավորելով պարոն Նալբանդյանին ԱԳ նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, բարձր գնահատեց նրա տասնամյա գործունեությունը Ֆրանսիայում, համարելով այն Ֆրանսիայում Հայաստանը լավագույնս ներկայացնելու առանձնահատուկ շրջան, որի ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները հասցվեցին ամենաբարձր մակարդակին: Դելանոեն հայտարարեց, որ ընդհառաջելով Է. Նալբանդյանի առաջարկին եւ նրա իսկ կողմից ընտրված վայրում` Փարիզի Կենտրոնում գտնվող Կոմիտասի արձանի շրջակա այգին անվանվելու է Երեւանի պուրակ: Քաղաքապետը Հայաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրեց միասին բացելու այն:

Նույն օրն առավոտյան տեղի էր ունեցել Է. Նալբանդյանի եւ քաղաքապետ Բ. Դելանոեի առանձնազրույցը, որի ընթացքում մտքեր էին փոխանակվել ապակենտրոնացված մակարդակով հայ-ֆրանսիական համագործակցության խորացման, ինչպես նաեւ Փարիզի եւ Երեանի միջեւ գործընկերության շրջանակներում մի շարք ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---