Իոաննիսյան. Կառավարությունը չի գալու ԱԺ-ում «բազար» անի

Իոաննիսյան. Կառավարությունը չի գալու ԱԺ-ում «բազար» անի

PanARMENIAN.Net - Վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովը մասնագիտական է, ԱԺ չենք գալու «բազար» անենք: Այդպիսի հայտարարություն է արել հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը Ընտրական օրենսգրքի բաերփոխումների շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի հերթական նիստում:

ԱԺ աշխատանքային խմբի հերթական նիստը հուլիսի 10-ին նախագահում էր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նախորդ երեք նիստերին կառավարության ներկայացուցիչը ներկա չի եղել, այս անգամ ներկա էր վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Նիստը նախագահող Արմեն Ռուստամյանն ասել է, որ նիստի հիմնական քննարկման հարցը պետք է լինի կառավարության տեսակետները լսելը և հասկանալը, արդյոք ԱԺ ԸՕ մասին մեկ փաստաթուղթ, թե երկու փաստաթուղթ է գնալու քննարկման, հայտնում է Yerkir.am-ը:

Վարչապետի կողմից ձևավորված հանձնաժողովն, ըստ էության, մտադիր չէ իր աշխատանքը համատեղել ԱԺ հանձնախմբի հետ: Իոաննիսյանը նշել է, որ վարչապետին առընթեր հանձնաժողովը մասնագիտական է՝ հավելելով, որ իրենք լսում և քննարկում են բոլոր առաջարկները, անկախ նրանից` ով է առաջարկը ներկայացնողը: Իոաննիսյանը նշել է, որ թեպետ ԱԺ քննարկումներին ներկա չի եղել, բայց լսել են քննարկվող հարցերը և դրանցից շատերն ընդգրկվել են իրենց հայեցակարգում: Նա նաև ասել է, որ չի պատկերացնում` ինչպես կարող են երկու հանձնաժողովների աշխատանքները համատեղվեն: «Մեր հանձնախումբը մասնագիտական է, այստեղ չենք գալու բազար անենք, ուզում ենք լսել առաջարկություններ»,- ասել է նա:

«Բազառ» բառի համար դիտողություններից հետո Իոաննիսյանը մեղմել է ասածը: Մասնավորապես արձագանքել է նիստը վարող Արմեն Ռուստամյանը: «Ի՞նչ է, մենք այստեղ բազա՞ր ենք անում»,- ասել է նա:

Իոաննիսյանը նշել է, որ գուցե բառը ճիշտ չի ընտրել, բայց այս հանձնաժողովը քաղաքական է և ամեն դեպքում քաղաքական դիրքորոշումներ են ներայացնում, ի տարբերություն իրենց մասնագիտական խմբի:

«Ծառուկյան» խմբակցությունը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ թե իրենց խումբը, և թե Կառավարության հանձնախումբը հանդիպել են Վենետիկի հանձնաժողովին, և վստահ է, որ երկուսին էլ նույն բանն է ասվել՝ իրենց համար ընդունելի է այն տարբերակը, որը կընդունվի քաղաքական կոնսեսուսի դեպքում:

«Ես հասկանում եմ, որ դուք ընդունում եք բոլոր հպարտ քաղաքացիների կարծիքն ու առաջարկները, բայց չեմ կարծում, որ Վենետիկի հանձնաժողովն ասել է` ընդունեք քաղաքացի Վարդուշի առաջարկը քաղաքական ուժերի առաջարկներից վեր»,-ասել է նա և հարցրել՝ ով է ԸՕ-ի մշակման համար ավելի բարձր մասնագետ, քան այստեղ ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները և նշել, որ իրենք ընդամենը մտադիր են համատեղել աշխատանքները: Զոհրաբյանն ասել է, որ չեն պատրաստվում սիզիպոսյան աշխատանք կատարել:

ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանն էլ նշել է, որ տարածված մոլորություն է, որ քաղաքացիական հասրակությունը պետք է կառավարի պետությունը:

«Եթե դուք պնդում եք մասնագիտական հանձնաժողով եք, այդ դեպքում` ո՞վ է շարադրել պատվերը»,-հարցրել է նա:Կառավարության հանձնախմբի ներկայացուցիչը նշել է, թե պատվեր պետք չի իջեցնել, իրենք աշխատում են ներառական ձևով, և ոչ թե այնպես ինչպես արվում էր նախկինում՝ գաղտնի: Վիգեն Սարգսյանն արձագանքեց. «Ի՞նչ եք խոսում, ի՞նչ գաղտնի: Բոլորը եղել է ժողովրդի աչքի առաջ, բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսով»: Դանիել Իոննիսյանն էլ ասաց. «Մի ստիպեք ամեն ինչ այստեղ հիշեցնեմ»:

Սարգսյանը նրան հորդորել է կարդալ դպրոցական պետության և իրավունքի դասագրքեր, ապա հարցրել. «Ի՞նչ փորձառություն ունեք ԸՕ գրելու համար: ԸՕ-ն քաղաքական փաստաթուղթ է, ոչ թե իրավական: Ո՞ւմ կամքն է ձևավորում հանձնաժողովը»:

Իոաննիսյանն էլ ասել է, թե դա վարչապետի նախընտրական խոստման և կառավարության ծրագրի համաձայն է արվում:«Ես չգիտեմ` միգուցե քաղաքացիներին տրված նախընտրական խոստման ինստիտուտը թերագնահատված է ձեզ մոտ, բայց դա կարևոր է»,- ասել է նա:

ԵԼՔ-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ նշել է, որ չի հասկանում այստեղ ինչ է քննարկում: «Այստեղ մուսկուլներով խաղ է գնում, ես պատրաստ չեմ նստել դա լսել, ճիշտ կլինի հասկանալ` ինչ ենք քննարկում և արդյոք Իոնաիսյանն ի՞նչ է այստեղ ներկայացնելու»,- ասել է նա:

ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն էլ նշել է, որ ինքն էլ սկսում է չհասկանալ` ինչ է քննարկվում: «Խնդիրը հետևյալն է. կա խորհրդարան, որը պետք է ընդունի ԸՕ նոր տարբերակ: Ի վերջո խորհրդարանն է քվեարկալու, դրա համար խորհրդարանի խմբակցույթյունները մեկ բան են ասում, եթե կան հակասություններ, չբերենք այդ օրը քննարկենք, այլ ընդունենք մեկ նախագիծ, որն ավելի հեշտ կքննարկվի և կքվեարկվի խորհրդարանում»,- ասել է նա ՝ համեմատելով տուն կառուցելու հետ:

«Նախ պետք է ճշտվի` ասենք, պրորաբները չասեն, թե 4 հարկանի տուն է կառուցվելու ու կառուցեն, իսկ բանվորներն էլ գան ասեն մեզ չի հետաքրքրում` ինչ եք ուզում դուք, մենք սարքել ենք երկու ավտոտնակ. սրա մասին է խոսքը»,- ասաց նա:

ՀՀԿ ներկայցուցիչ Արփինե Հովհաննսիյանն էլ հստակեցրել է, որ եթե Իոաննիսյանը չի կարող որոշ հարցերի պատասխանել, ապա պետք է սպասել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և որ իրենց հարցը մեկն է` կառավարության հանձնախումբը հայեցակարգ ներկայացնելուց առաջ պատշաճ ձևաչափով քննարկումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ: Իոանիսյանն ասել է, որ լինելու են, բայց վստահ չէ, որ կառավարության ներկայացրած փաստաթուղթը կլինի կոնսենսուսային:

Արմեն Ռուստամյանը մեկ անգամ ևս փորձել է պարզել` կառավարությունը հանդես է գալու առաձի՞ն օրենսդրական նախաձեռնությամբ: Իոսննիսյանը նշել է,որ ենթադրում է այո, իրենց հանձնախումբը կմշակի փաստաթուղթը, կառավարությունը կներկայացնի ԱԺ: Ի վերջո եկան եզրակացության, որ առայժ Իոանիսյանը ներկայացնի կառավարության հստակ մշակված կետերը` կապված ԸՕ բարեփոխումների մասին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---