ԱՄՆ-ն չի մրցակցել Ռուսաստանի հետ Հարավային Կովկասում ազդեցության գոտու համար եւ մտադիր չէ նրան դուրս մղել տարածաշրջանից

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում միանշանակ է. մենք ցանկանում ենք օգնել տարածաշրջանի ժողովուրդներին զարգանալ ինքնուրույն ազատության, ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության ուղղությամբ: Դա այն ուղին է, որով անցել են նրանց արեւմտյան հարեւանները»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ` «Կովկաս. սառեցված հակամարտություններ եւ փակ սահմաններ»: «Մենք հավատում ենք, որ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, վերջիվերջո, պետք է դառնան ընդլայնված Եվրոպայի մասը: Դա կախված է նրանց սեփական ընտրությունից եւ նրանց հաջողություններից կամ ժողովրդավարության զարգացման հարցում առաջընթացի, օրենքի գերակայության եւ արտաքին ու տարածաշրջանային քաղաքականության համար պատասխանատվության պակասից: Մենք չենք հավատում, որ որեւէ այլ տերություն, Ռուսաստանը կամ որեւէ այլ երկիր, կարող է ազդել այդ երկրների վրա, ոչ մի տերություն չի կարող սպառնալ, շանտաժի ենթարկել կամ արգելափակել ժողովուրդների ինքնավար ընտրությունը, որը եվրաինտեգրումն ու տրանսատլանտյան ընտանիքն է»,- նշել է ամերիկացի դիվանագետը:



Նա հիշեցրել է, որ Վրաստանն ընտրել է անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ողջունում են այդ ընտրությունը, եւ Վրաստանի հարեւանները դրան հավանություն են տալիս: «Նույն ուղով է շարժվում եւ Ադրբեջանը: Հայաստանում այլ իրադրություն է. իր պատմության պատճառով նա լարված հարաբերություններ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, սակայն դա նրա ընտրությունն է եւ մենք եւս նրան հարգում ենք դրա համար»,- ընդգծել է Ֆրիդը: Բնական է, որ այդ ժողովուրդները եւ Ռուսաստանը պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենան` հիմնված երկուսի շահերի եւ աշխարհագրական հարեւանության վրա: Հարաբերությունները պետք է հիմնվեն Հարավային Կովկասի ժողովուրդների ինքնավարության հարգանքի վրա: ԱՄՆ-ն չի մրցակցել Ռուսատսանի հետ այս կամ այլ տարածաշրջանում ազդեցության գոտու համար եւ մտադիր չէ նրան դուրս մղել Հարավային Կովկասից»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:



Ամերիկացի դիվանագետը առանձնացրել է երեք հարց, որոնք կարեւոր են տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության համար. շարժում դեպի ազատությունն ու ժողովրդավարությունը, անվտանգությունը, այդ թվում հակաահաբեկչական գործունեությունը, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորումը եւ էներգետիկան: «Առաջին ռազմավարական շահը կայանում է նրանում, որպեսզի ազատությունն ու ժողովրդավարությունը տարածվեն Սեւ Ծովից մինչեւ Կասպից: Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրը լուրջ ձեռբերումներ ունի այդ հարցում, սակայն նրանք պետք է շատ բան անեն, որպեսզի մենք ընդունենք, որ ժողովրդավարությունը անշրջելի է: Մենք նաեւ աշխատում ենք Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խաղաղ կարգավորման համար, որոնք սկսվել են ԽՍՀՄ փլուզումից հետո: Մենք նաեւ համագործակցում ենք ահաբեկչության դեմ պայքարում: Եւ վերջապես, մենք վստահ ենք, որ եվրաատլանտյան հանրությունը շահագրգռված է կասպից գազի ու նավթի շուտափույթ մատակարարման մեջ համաշխարհային շուկաներ, անկախ մենաշնորհից եւ աշխարհագրական դիրքից»,- նշել է Դենիել Ֆրիդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---