Փարիզը շարունակում է մնալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ամենահետեւողական հակառակորդներից մեկը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի սենատը 297 «կողմ», 7` «դեմ» ձայների հարաբերակցությամբ չեղյալ հայտարարեց այն օրենքը, որով պահանջվում էր համազգային հանրաքվեի անցկացում Եվրամիությանը այն երկրների անդամակցության հարցով, որոնց բնակչությունը կազմում է ԵՄ բնակիչների ընդհանուր թվի 5 տոկոսոցի ավելին



Խորհրդարանականները իրենց որոշումը բացատրեցին նրանով, որ իրենց իսկ կողմից ընթացիկ տարվա մայիսին ընդունված օրենքը խտրական էր Թուրքիայի, որպես «բարեկամ եւ դաշնակից երկրի» հանդեպ: Անկարայում ֆրանսիական խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու պայմանների մեղմացումը ընդունվեց ոգեւորությամբ: Այնուամենայնիվ, Փարիզը շարունակում է մնալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ամենահետեւողական հակառակորդներից մեկը: Սենատի այս որոշումը պետք չէ գերագնահատել: Հանրաքվեի մասին հարցը այս դեպքում հազիվ թե կարելի է սկզբունքային համարել: Չէ որ Բրյուսելի հիմնական պահանջները Անկարան չի կատարել, իսկ առանց դրա բոլոր խոսակցությունները ԵՄ-ին անդամակցելու մասին իմաստազուրկ են: Ֆրանսիայում ոչ միայն հասարակությունը, այլ նաեւ իշխանական կառույցների մեծ մասը թերահավատորեն է վերաբերվում Թուրքիայի հետ նույն միության մեջ հայտնվելու հեռանկարին: Նիկոլյա Սարկոզին, օրինակ,բազմիցս հայտարարել է, որ չի համարում այն Եվրոպայի մաս նույնիսկ աշխարհագրության տեսակետից, գրում է utro-ru-ն:



Հռչակելով ԵՄ-ին անդամակցությունը իր արտաքին քաղաքականության գերակա նպատակներից մեկը` Թուրքիան չի շտապում կատարել Եվրոպայի պահանջները: Անկարան ականջ է դնում այն խորհուրդներին, որոնք վերաբերում են դատական համակարգին եւ տնտեսական օրենսդրությանը, սակայն հիմնական քաղաքական պահանջները մնում են չկատարված:



Բրյուսելի լուրջ մտահոգությունն է առաջացնում Կիպրոսի իրավիճակը: Թուրքիան շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել կղզու հունական հատվածի հանդեպ: Հաջորդ խնդիրը` լուրջ ազգամիջյան իրավիճակն է Թուրքիայում: Տեղի քրդերը, որոնց թիվը հասնում է 15 միլիոնի, բնակչության շուրջ 20 տոկոսի, խտրականության են ենթարկվում: Չնայած որոշ մեղմացմանը, երկրում մինչ այժմ արգելված են հեռուստա եւ ռադիոհեռարձակումները, մամուլը քրդերեն լեզվով:



Փոփոխություն չկա նաեւ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններում, թեեւ ԵՄ-ն արդեն երկար ժամանակ է, ինչ պահանջում է Անկարայից ապաշրջափակել հարեւան երկիրը: Երեւանը հայտարարում է, որ պատրաստ է երկխոսության առանց նախապայմանների: Սակայն թուրքական կառավարությունը կապում է հարաբերությունների հաստատումը հայերի համար անընդունելի պահանջների հետ` հրաժարվել Ցեղասպանության մեղադրանքներից եւ լուծել Լեռնայի Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի պայմաններով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---