Հարավկովկասյան տարածաշրջանը կարեւորագույն եւ առաջնահերթ տեղ է զբաղեցնում աշխարհի բոլոր երկրների արտաքին քաղաքականության մեջ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն նախօրեին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալիռեզա Շեյխաթթարին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետը կարեւորել է երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը, նշելով, որ այդ ուղղությամբ դեռեւս անելիքներ շատ կան, եւ ՀՀ կառավարությունը գործակցության լրացուցիչ ասպարեզների բացահայտման ուղղությամբ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով: Խոսելով էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության եւ մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող ռազմավարական նշանակություն ունեցող համագործակցության մասին, ՀՀ վարչապետը եւ ԻԻՀ արտգործնախարարի առաջին տեղակալն այդ ամենը պայմանավորել են Հայաստանի եւ Իրանի միջեւ կայուն եւ հուսալի գործընկերությամբ, որը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւ պատմամշակութային ընդհանրությունների վրա:



Ալիռեզա Շեյխաթթարը հանդիպման սկզբում ՀՀ վարչապետին է փոխանցել ԻԻՀ գործընկերոջ` նախագահի առաջին տեղակալ պարոն Դավուդիի ջերմ ողջույնները եւ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ու երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված հարցերի քննարկման ցանկությունը. «Հայաստանի անկախացումից հետո մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները բավականին հաջողությամբ են զարգացել: ԻԻՀ-ն մշտապես եղել է Հայաստանի դժվարին ժամանակների բարեկամը, եւ դա պատահական չէ: Այն պայմանավորված է Իրանում քաղաքական որոշում կայացնողների սկզբունքային մոտեցմամբ: Կայուն, հարուստ, զարգացած Հայաստանի Հանրապետությունը, մեր համոզմամբ, մեծ նպաստ կարող է ունենալ տարածաշրջանի խաղաղության եւ հետագա զարգացման գործում», - ընդգծել է ԻԻՀ արտգործնախարարի առաջին տեղակալը:



Նշելով, որ այսօր մեր տարածաշրջանն աշխարհի ամենալարված, բայց միաժամանակ, աշխարհաքաղաքական, պատմամշակութային եւ Կովկասից մինչեւ Պարսից ծոց ու Միջին Արեւելք հարուստ բնական պաշարներով տարածաշրջան է, պարոն Շեյխաթթարը համոզվածություն է հայտնել, որ այն կարեւորագույն եւ առաջնահերթ տեղ է զբաղեցնում աշխարհի բոլոր երկրների արտաքին քաղաքականության մեջ:



Ալիռեզա Շեյխաթթարը տնտեսական գործակցության ակտիվացման համար կարեւորել է համապատասխան օրենսդրության մշակումը, որը կնպաստի ամենատարբեր ոլորտներում ներդրումների ներգրավմանն ու ՀՀ եւ ԻԻՀ տնտեսական շուկաներում գործարար շրջանակների ակտիվ գործունեությանը: Նա ՀՀ վարչապետին տեղեկացրել է իր երկրի բանկային օրենսդրության բնագավառում կատարված զգալի ազատականացման մասին, առաջարկելով քննարկել այդ ոլորտում Հայաստանի բանկային համակարգի հետ համագործակցության հնարավորությունները: Փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ԻԻՀ արտգործնախարարի առաջին տեղակալն առաջարկել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կբացահայտեն ընթացիկ խնդիրներն ու խանգարող հանգամանքները եւ լուծումներ կառաջարկեն համատեղ ծրագրերն ավելի արագ կյանքի կոչելու համար: Այդ առաջարկը ՀՀ վարչապետն ընդունելի եւ օգտակար է համարել` նշելով, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջոցով աշխատանքային խմբերում ընդգրկվելիք թեկնածուներին ճշտելուց հետո, խմբերը կարող են սկսել իրենց աշխատանքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---