Էթիկայի հանձնաժողովի նախագահը հրաժարական է տվել՝ քննադատելով գործադիրի գործելաոճը

Էթիկայի հանձնաժողովի նախագահը հրաժարական է տվել՝ քննադատելով գործադիրի գործելաոճը

PanARMENIAN.Net - Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի Սիրանուշ Սահակյանը դադարեցրել է պաշտոնավարումը։ Այս մասին հայտնում է էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքը։

Սիրանուշ Սահակյանը հայատարարության մեջ ներկայացրել է հրաժարականի պատճառները:

«2014 թվականի հունվարին, երբ ստանձնում էի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հստակ գիտակցում էի, որ նոր ձևավորվող համակարգի կայացումը բարդ և պատասխանատու գործ է: Վստահ էի նաև, որ կարճ ժամկետում (չորս տարի) և սահմանափակ ռեսուրսների պայմաններում հաջողության հասնելու գրավական կարող էին լինել միայն պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, անսահման աշխատասիրությունն ու թիմային աշխատանքը:

Նա գրել է, որ 2017-2018 թվականների «լայնածավալ օրենսդրական բարեփոփոխումներից հետո կոռուպցիայի կանխարգելման ուժեղ և ամբողջացված համակարգն իրականություն է դարձել»:

«Կոռուպցիայի կանխարգելումը՝ որպես դրա դեմ պայքարի հիմնական ուղղություն, դրվեց ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով ու գործիքակազմով: Նոր օրենսդրական լուծումները պատշաճ նախադրյալներ ստեղծեցին պաշտոնատար անձանց ֆինանսական թափանցիկության, հայտարարագրերի վերլուծությունների միջոցով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, շահերի բախման դեպքերի կառավարման և կանխարգելման համար: Սակայն, բարեփոխումների շարունականության հեռանկարը պահանջում էր նաև սեղմ ժամկետներում հետագա քայլերի ձեռնարկում՝ սահմանադրական կարգավորումներին համահունչ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում, պաշտոնյաների նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողական մեխանիզմների գործարկում, ապօրինի հարստացումը բացահայտող տվյալներով նոր հայտարարագրերի հավաքում և վերլուծություն, ինչպես նաև ուժեղացված համագործակցություն իրավապահ մարմինների հետ: Օրենքի ուժով Հանձնաժողովի երկարաձգված լիազորություններն էլ առավելապես պետք է ապահովեին ինստիտուցիոնալ համակարգի սահուն փոխակերպումը», - գրել է նա:

ԸստՍահակյանի, անցումային ժամանակահատվածին բնորոշ խնդիրները «լուծում չեն ստացել»:

«Չձևավորվեց օրենքով նախատեսված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Ավելին, օրենքի հստակ պահանջների անտեսմամբ չկազմակերպվեց և չանցկացվեց այդ մարմնի անդամների թեկնածուների ընտրության մրցույթ: 2019 թվականի հունվարի 1-ից փոփոխվեց հայտարարագրի բովանդակությունը: Ըստ այդմ, ուժը կորցրեցին հայտարարագրերին առնչվող օրենսդրական նախկին կարգավորումները: Կառավարության կողմից չհաստատվեց հայտարարագրի նոր ձևանմուշը, քանի որ այն պետք է առաջարկվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Բացի այդ, 2019 թվականի հունվարի 1-ից հայտարարագրերը ենթակա են ներկայացման ոչ թե Էթիկայի հանձնաժողովին, այլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ այսինքն՝ դեռևս գոյություն չունեցող մարմնին: Չնայած շահագրգիռ միջազգային գործընկերների հետ ունեցած պայմանավորվածություններին՝ մինչ օրս էլեկտրոնային հայտարարագրման համակարգը տեխնիկապես համապատասխանեցված չէ օրենսդրական նոր կարգավորումներին: Թեև սահմանադրական և օրենսդրական մակարդակում տևական ժամանակ ուժի մեջ են մտել մի շարք հանրային պաշտոնյաների (պատգամավորներ, կառավարության անդամներ, դատավորներ և այլն) անհամատեղելիության պահանջները, սակայն նոր մարմին չձևավորելու պատճառով չեն կիրառվում դրանց պահպանումը վերահսկող օրենքով նախատեսված կառուցակարգերը», - գրել է նա:

Ըստ Սահակյանի, անտեսված են մնացել նաև վերոնշյալ խնդիրների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների հայտնած մտահոգությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հանձնաժողովի ձեռնարկած քայլերը:

«Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին և անցումային փուլում առկա խնդիրների լուծման նկատմամբ ունեցած պատասխանատվությանս հետ: Ուստի, այսօրվանից դադարեցնում եմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում պաշտոնավարումս», - գրել է նա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---