Բաքվում «սխալ» են համարում Թուրքիայի մտադրությունը կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - «Թուրքիայի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի բանակցությունները գաղտնի են լայն հասարակայնության համար, սակայն ես համոզված եմ, որ նման հանդիպումները հանկարծակի չեն կայանում, իսկ դա նշանակում է, որ դրանց մասին նախապես գիտեին պաշտոնական Երեւանի եւ Անկարայի ներկայացուցիչները»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւը: «Պետք է արդյո՞ք զարմանալ այդ բանակցությունների փաստից: Ըստ իս, ոչ: Քանի որ քաղաքական պատմությունը լի է օրինակներով, թե որքան խախուտ են դաշնակցային հարաբերությունները պետությունների միջեւ ժամանակակից աշխահում, եւ որքան մեծ է անձնական շահի գործոնը միջազգային ասպարեզում քաղաքական հարաբերություններ կառուցելու գործում»,-նշել է նա:



Այլ գործ, հավելել է Աղաեւը, որ այդ քայլը Թուրքիայի կողմից կարելի է «սխալ» գնահատել: «Ըստ իս, Թուրքիան պետք է հետագայում եւս դիմակայեր հայկական կողմին, ընդ որում ոչ միայնակ, այլ տանդեմ կազմելով Ադրբեջանի եւ ողջ թուրքական աշխարհի հետ: Ցավոք, դեռեւս մենք տեսնում ենք միայն Թուրքիայի պատրաստակամությունը Հայաստանի հետ առանձին բանակցություններ վարելուն»,-հայտարարել է նա:



Պատասխանելով այն հարցին, թե կարելի է Թուրքիայի նման քայլից հետո հայտարարել, որ խոսակցություններն այսպես կոչված թուրքական եղբայրության մասին այսուհետ հիքմ չունեն` Ռասիմ Աղաեւը նշել է. «Ժամանակին ձեւակերպվեց ադրբեջանա-թուրքական հարաբերությունների բանաձեւը` մեկ ժողովուրդ-երկու պետություն: Սակայն ադրբեջանցիներն ու թուրքերը այժմ նույն ժողովուրդը չեն: Դրանք երկու տարբեր եւ ինքնուրույն ժողովրդներ են, որոնք շատ են տարբերվում քաղաքական մշակույթի ավնադույթներով: Կարեւոր է հիշել նաեւ, որ քաղաքականության մեջ սանտիմենտները տեղ չունեն, այստեղ իշխում է անձնական շահի սկզբունքը, սթափ հաշվարկը»:



«Ցավոք, մենք բոլորս դառնում ենք այն բանի վկաները, որ Ադրբեջանին այդպես էլ չհաջողվեց կիսել երկու այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են արմատների միասնությունը մեր երկրների ժողովրդների մոտ եւ քաղաքական հարաբերությունները երկու պետությունների` Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ»,-ասել է Ռ.Աղաեւը, հաղորդում է Day.az-ը:



Նշենք, որ հուլիսի 8-ին Բեռնում տեղի են ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի բանակցությունները: Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հաստատել է այդ տեղեկությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---