Պակիստանը հնդկական ռազմական 2 ինքնաթիռ է խոցել

Պակիստանը հնդկական ռազմական 2 ինքնաթիռ է խոցել

PanARMENIAN.Net - Պակիստանը հայտարարել է 2 հնդկական ռազմական ինքնաթիռ խոցելու մասին: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը:

Ինքնաթիռները խոցվել են Քաշմիրի օդային տարածքում, որը վերահսկում է Պակիստանը: Պակիստանի զինվորականները պնդում են, որ հնդկական ինքնաթիռները կրկին ներխուժել են Պակիստանի օդային տարածք՝ խախտելով վերահսկողության գիծը, որը բաժանում է Քաշմիրը, իսկ հարվածները հասցվել են ի պատասխան այդ գործողությունների, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Փետրվարի 26-ին Հնդկաստանը ավիահարվածներ է հասցրել Քաշմիրում գրոհայինների ճամբարի ուղղությամբ՝ դրանք առաջին հարվածներն էին 1971-ից ի վեր:

Ըստ Գաֆուրի, ինքնաթիռներից մեկն ընկել է Քաշմիրի պակիստանյան տարածքում, իսկ մյուսը՝ հնդկական կողմում: Գեներալը նշել է, որ հնդկացի օդաչուն ձերբակալվել է:

Միևնույն ժամանակ հնդկական ԶԼՄ-ները գրում են խոցված պակիստանյան ռազմական ինքնաթիռի մասին:

Փետրվարի 26-ին հնդկական բազմաթիրախային «Միրաժ» 2000 (Dassault Mirage 2000) կործանիչները հարված են հասցրել Քաշմիր նահանգում՝ Պակիստանի հետ սահմանին «Ջաիշ ե Մուհամմադ» ահաբեկչական խմբավորման ճամբարին: Գործողությունը կատարվել է վաղ առավոտյան, ճամբարն ամբողջովին ոչնչացվել է, բացի այդ, «բազմաթիվ գրոհայիններ են զոհվել:

Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները սրվեցին փետրվարի կեսին, երբ հարձակում եղավ Հնդկաստանի ոստիկանության Կենտրոնական պահուստային ուժերի վրա Ջամու և Քաշմիր նահանգում: Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լցոնված ավտոմեքենայով մխրճվեց ավտոբուսի մեջ, որտեղ զինվորականներ էին: Պատասխանատվությունը ստանձնեց «Ջաիշ ե Մուհամմադ» ահաբեկչական խմբավորումը:

Հնդկաստանն ու Պակիստանը զինված հակամարտության մեջ են 1947-ից ի վեր՝ Քաշմիրի վիճահարույց տարածքների պատճառով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---