Իրադարձությունները Հարավային Օսեթիայում ցույց տվեցին, որ համաշխարհային «խաղացողները» մարդ չեն համարում ղարաբաղցիներին, օսերին, աբխազներին

PanARMENIAN.Net - Վրաց-օսական դիմակայությունն արդեն իսկ անդրադարձել է Ղարաբաղի վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովը: «Թվում էր, արտաքնապես ոչինչ չի փոխվել ոչ ադրբեջանա-ղարաբաղյան, ղարաբաղյան հակամարտության, ոչ էլ կարգավորման գործընթացների վրա: Սակայն դա զուտ արտաքնապես: Իրականում կարեւոր բան է կատարվել` բոլոր դիմակները նետված են: Եկել է խաղն ընտրելու ժամանակը: Ակնհայտ դարձավ, որ ղարաբաղցիները, ինչպես նաեւ օսերն ու աբխազները, մարդ չեն համաշխարհային «խաղացողների» համար: Նրանց համար փոքր ժողովրդներն ուղղակի աղբ են, որ խանգարում է նավթագազային հոսքերի վերահսկմանն եւ արթնացած Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված նրանց շահամոլ ծրագրերին: Ըստ այդմ էլ հարկավոր է եզրակացություններ անել»,-ասել է նա:



Ըստ Մելիք Շահնազարովի, 2008թ. օգոստոի 8-ի Ցխինվալը դա 1992թ. փետրվարի Ստեփանակերտն է: «Պատկերացրեք, թե ինչ կարող էր պատահել այսօր, եթե ԼՂՀ-ն չունենար «Անվտանգության գոտի» ի դեմս Արցախի ազատագրված տարածքների, եթե ադրբեջանցիները շարունակեին նստած մնալ Խոջալույում, Շուշիում, Մալիբեյլիում, ԼՂՀ-ի մայրաքաղաքը շրջապատաող բարձունքներում: Եվ ինչ կլինի, եթե վաղը ադրբեջանական զորքերը վերադառնան Աղդամ, Ֆիզուլի, առավել եւս` Քելբաջար: Չէ որ ի տարբերություն վրաց իշխանությունների, որոնք քողարկում էին առաջիկա կոտորածը սիրո խոստովանություններով առ «համաքաղաքացի օս եղբայրների», Բաքվում ոչ միայն չեն դադարեցնում, այլ ուժգնացնում են ռազմատենչ եւ ռասիստական ճարտասանությունը: Ուստի այսօր անհրաժեշտ է բեկում մտցնել բանակցային գործընթացում առաջացած փակուղային վիճակում, որն իր ներկա տեսքով տապալման է դատապարտված»,-գտնում է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդականը:



Նա նաեւ նշել է, որ հաշվի առնելով Հարավային Օսիայի ողբերգությունը, անհրաժեշտ է որպես բանակցությունների շարունակման պայման առաջարկել, որ երեք կողմերը իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր կնքեն ուժ չկիրառելու մասին, որը կնախատեսի խիստ միջազգային պատժամիջոցներ խախտող երկրի համար: «Ընդ որում համաձայնագիրը, ընդգծում եմ, պետք է ստորագրեն Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը: Այսինքն ղարաբաղյան հակամարտության այն երեք կողմերը, որոնց մասին ասվում է ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերում` 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովում, ԵԱՀԿ գործող նախագահի 1995թ. Պրահայի հայտարարության մեջ եւ այլ փաստաթղթերում, որոնք բոլոր վերջին տարիներին միտումնավոր կերպով անտեսվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի «եռյակի» կողմից: Առանց դրա շարունակել աշխատանքը ինչ-ինչ սկզբունքների համաձայնեցման վրա, ինչպես էլ դրանք կոչվեն, կնշանակի մազոխիզմով զբաղվել եւ խաբել ինքներս մեզ եւ մեր ժողովրդին»,-ասել է Արսեն Մելիք-Շահնազարովը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---