Հայաստանը կզարգացնի ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի եւ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ

PanARMENIAN.Net - «Հայաստանն ամեն կերպ զարգացնելու եւ ընդլայնելու է Ռուսաստանի հետ երկկողմ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, որ հիմնված է մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա: Մենք պետք է լիարժեք օգտագործենք հարաբերությունների ողջ ներուժը»,-հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:





«Երեկ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ունեցած իմ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք այդ համագործակցությունը լրջորեն խթանող տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր: Մենք մտադիր ենք ընդլայնել եւ ամրապնդել մեր բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Այս ուղղությամբ ունենք լուրջ անելիքներ: Հայ-ամերիկյան օրակարգում ընդգրկված են բազմաթիվ ծրագրեր, որոնց մեջ կուզենայի ուշադրություն հրավիրել Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հետ իրականացվող նախագծի վրա: Հաշվի առնելով ծրագրի հետ կապված որոշ ձգձգումները` ժամանակ խնայելու նպատակով Հայաստանի կառավարությունն իր սեփական միջոցներից գումարներ է հատկացրել` ընթացքը չդադարեցնելու նպատակով: Առաջիկայում սպասվում են քննարկումներ կորպորացիայի հոգաբարձուների խորհրդում: Հույս ունեմ, որ այնտեղ ճիշտ կգնահատվի Հայաստանի իշխանությունների արդեն իսկ կատարած աշխատանքը, եւ հնարավորություն կընձեռնվի շարունակել համատեղ հաստատած ծրագրերը»,-ասել է Ս.Սարգսյանը:



«Պետք է լիարժեք տիրապետենք ԵՄ հետ համագործակցության ոլորտում առկա բոլոր գործիքներին եւ արդյունավետ օգտագործենք դրանք: ԵՄ անդամ-պետությունների հետ մեր երկկողմ հարաբերություններում մենք պետք է հաշվի առնենք հարեւանության քաղաքականության մեր գործողությունների ծրագրի նպատակները եւ փորձենք դարձնել դրանք երկկողմ համագործակցության օրակարգի բաղկացուցիչ մաս: Ես անձնական հսկողության տակ եմ վերցրել հարեւանության քաղաքականության ծրագրի կատարումը եւ պնդելու եմ, որ գործողությունների ծրագիրը կատարվի նախատեսված ժամկետներից շուտ»,-հայտարարել է ՀՀ նախագահը:



«Խոսելով եվրոպական ուղղության մասին` մենք նկատի ունենք ոչ միայն եվրոպական կառույցները, այլեւ երկկողմ հարաբերությունները ինչպես այն երկրների հետ, որոնց հետ մենք ավանդական կապեր ենք ունեցել, այլեւ այնպիսի երկրները, որոնց հետ հարաբերությունները դեռեւս բավարար մակարդակի չեն: Ես այս առումով կուզենայի հատուկ շեշտել Արեւելյան Եվրոպայի երկրների հետ մեր հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաեւ այդ երկրներից ոմանց հետ մեր պատմամշակությանին կապերը: Մենք առաջիկայում քայլեր ենք ձեռնարկելու` Բալթյան երկրներում եւ Սկանդինավիայում դեսպանատներ բացելու ուղղությամբ, բայց ձեզանից էլ ակնկալվում է, որ դուք առաջ քաշեք այդ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու բովանդակային ռազմավարություն: Զուտ դեսպանատան առկայությունը բավարար չէ, որպեսզի մենք կարողանանք հաստատել մեզ համար անհրաժեշտ հարաբերությունների մակարդակ:



Մենք պետք է ընդարձակենք մեր միջազգային հարաբերությունների աշխարհագրությունն այլ ուղղություններով նույնպես: Չէ՞ որ, հենց բազմազանությունն է այն ճկունության հիմքը, որն այդքան անհրաժեշտ է դիվանագիտությանը: Մեզ համար կարեւոր են արեւելյան հսկաների` Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, ինչպես նաեւ Բրազիլիայի հետ հարաբերությունների ընդլայնումը: Վերջին երկու երկրներում 2009թ. առաջին կիսամյակում մենք բացելու ենք դեսպանատներ: Հատկապես նորովի պետք է գնահատենք Չինաստանի հետ մեր համագործակցության ծավալը: Վստահ եմ, որ մենք չենք օգտագործում այդ երկրի հետ արդյունավետ համագործակցության հնարավորությունների անգամ չնչին մասը, ընդ որում խոսքս եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ հումանիտար ոլորտին է վերաբերում: Կարծում եմ, որ այդ մայրաքաղաքներում ակտիվ աշխատանքը կարող է չափազանց օգտակար լինել մեր արտաքին քաղաքականության նպատակներին հասնելու առումով: Ես կարողացել եմ դրանում համոզվել շատ կարճ այցելության ընթացքում եւ կարծում եմ` մենք պետք է լրջագույն հետեւություններ անենք»,-ասել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---