ԵՄ ԱԳՆ ղեկավարները քննարկում են կովկասյան խնդիրը

PanARMENIAN.Net - Ավինյոնում մեկնարկել են երկօրյա ոչ պաշտոնական բանակցությունները, որոնց ընթացքում Եվրամիության 27 անդամ երկրների արտգործնախարարները պետք է համաձայնեցնեն իրենց դիրքորոշումները նախքան Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի այցը Ռուսաստան



Դմիտրի Մեդվեդեւի հետ սեպտեմբերի 8-ին նախատեսված բանակցությունների ժամանակ Սարկոզին ներկայացնելու է Եվրամիությունը, որի նախագահը ներկայումս Ֆրանսիան է: ԵՄ երկրների ներկայացուցիչները հաշվարկում են մինչ այդ հանդիպումը միահամուռ կողմնորոշվել ռուս-վրացական հարցի վերաբերյալ իրենց դիրքում:



Հանդիպումն Ավինյոնում, ի տարբերություն բելգիական մայրաքաղաքում կայացած արտահերթ գագաթնաժողովին, վաղուց էր ծրագրված, սակայն Վրաստանի դեպքերի հետ կապված փոխվեց նրա օրակարգը:

Միջոցառման ձեւաչափը չի ենթադրում որեւէ փաստաթղթերի ընդունում եւ կանցնի Կովկասի իրադրության մասին ազատ քննարկման տեսքով: Քննարկման թեմաներից են Վրաստանին հումանիտար օգնության մատակարարումը եւ միջազգային հարաբերությունների ճգնաժամը` կապված Ռուսաստանի կողմից իրենց անկախ հռչակած պետությունների ճանաչման հետ: ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն եվրոպական դիտորդների եւս մեկ կազմ Վրաստան ուղարկելու ժամկետները. նրանց թիվը որոշել են ավելացնել եւս 100 հոգով: Կքննարկեն նաեւ «Կովկասի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ լիզորված անձի» թեկնածությունները. դրա հատկացման մասին պայմանավորվել էին Բրյուսսելում:



Արտաքին քաղաքականության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանան հայտնել է, որ հուսով է` մինչեւ ԵՄ հաջորդ գագաթնաժողովը` հոկտեմբերի 15-ին, ձեռնարկվող առաքելության վերաբերյալ բոլոր որոշումները կհամաձայնեցվեն եւ դիտորդները տարածաշրջան կժամանեն «սեպտեմբերի վերջ-հոկտեմբերի սկզբին», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Բրյուսսելում սեպտեմբերի 1-ին կայացած արտակարգ գագաթնաժողովի ժամանակ ԵՄ-ն այդպես էլ Մոսկվայի դեմ չընդունեց պատժամիջոցներ, որոնց հնարավորությունը չէր բացառում նախկինում, բայց եւ այնպես սառեցրեց Ռուսաստանի հետ գործընկերության եւ համագործակցության շուրջ բանակցությունները, մինչեւ որ ռուսական զորքերը լքեն Վրաստանի տարածաշրջանը:



Եվրամիության առաջնորդները կոպիտ կերպով դատապարտեցին «Ռուսաստանի ներխուժումը Վրաստան» եւ, դրա հետ մեկտեղ, Մոսկվային կոչ արեցին չմեկուսանալ: Բացի այդ, սեպտեմբերի 3-ին Եվրապառլամենտի պատգամավորները բանաձեւ ընդունեցին, որով վճռականորեն դատապարտեցին Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---