Աբդուլլահ Գյուլ. Իմ այցը կոտրեց հոգեբանական արգելքը Կովկասում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը դրական է գնահատել Հայաստան կատարած իր այցի արդյունքները: «Իմ այցը կոտրեց հոգեբանական արգելքը Կովկասում: Հրավիրելով ինձ խաղին` Սարգսյանը կարեւոր քայլ կատարեց: Եթե ես չընդունեի հրավերը, ողջ աշխարհը կասեր, թե ես համարձակություն չունեցա դա անելու»,-հայտարարել է Գյուլը Երեւանից վերադառնալուն պես:



Ինչպես գրում է թուրքական Today's Zaman-ը, Թուրքիայի նախագահի այցը Երեւան չափազանց կարեւոր խորհրդանշական նշանակություն ուներ: «Թուրքիայի նախագահն առաջին անգամ ոտք դրեց հայկական հողի վրա 1991թ. Հայաստանի անկախության հռչակումից ի վեր: Սա բեկումնային քայլ է այն ժամանակից ի վեր, երբ Անկարան փակեց հայ-թուրքական սահմանը 1993թ. որպես բողոքի նշան Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դեմ, հանդես գալով Ադրբեջանի կողմից: Սակայն հարաբերությունների բացակայության հիմնական պատճառն անցյալում է: Հայաստանը մեղադրում է Թուրքիային Օսմանյան կայսրության օրոք Առաջին աշխարհամարտի տարիներին հայոց ցեղասպանություն գործելու մեջ»,-ասվում է հոդվածում:



Աբդուլլահ Գյուլը հաղորդել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը մանրամասնորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: «Ճիշտն ասած, չէի սպասում, որ մենք այդքան մանրամասնորեն եւ մանրակրկիտ կերպով կքննարկենք ղարաբաղյան հարցը: Այս խնդիրը վաղ թե ուշ կլուծվի, սակայն չի կարելի դրա վրա կորցնել 20-30 տարի: Այժմյան կոնյուկտուրան բարենպաստ է հակամարտության կարգավորման համար: Սակայն բանակցությունների ժամանակ մենք չանդրադարձանք «ցեղասպանության» եւ սահմանների բացման հարցին»,-ասել է Գյուլը:



Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը, Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը տեղի ունեցած հանդիպման ժամանակ երկու նախագահները քննարկեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը, կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանում վերջին զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: Հայաստանի նախագահը նշեց, որ երկխոսության դեպքում հնարավոր կլինի քննարկել ցանկացած, նույնիսկ ամենալուրջ խնդիրները: «Մենք պետք է ձգտենք լուծել առկա խնդիրները եւ չթողնենք դրանք հետագա սերունդներին»,-հավելել է Ս.Սարգսյանը: Նախագահները հայտարարել են, որ այս հանդիպումը խթան կհանդիսանա երկխոսությունը հետագայում եւս շարունակելու համար եւ ուղեցույց կհանդիսանա արտգործնախարարների հետագա գործունեության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---