ԶԼՄ. «Շերեմետևոյում» SSJ 100-ի վթարի հիմնական վարկածն օդաչուների սխալն է

ԶԼՄ. «Շերեմետևոյում» SSJ 100-ի վթարի հիմնական վարկածն օդաչուների սխալն է

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով «Աերոֆլոտ» ավիաընկերության SSJ 100 ինքնաթիռի աղետը, որը 41 մարդու կյանք խլեց, քննության կողմից դիտարկվում է որպես օդաչուների սխալի հետևանք՝ դա է հիմնական վարկածը: Այդ մասին «Կոմերսանտին» են հայտնել քննությանը մոտ աղբյուրները: Հնարավոր է նաև, որ ցամաքային ծառայություններն օպերատիվ չեն արձագանքել:

Օդաչուների առաջին սխալը համարվում է ամպրոպի ժամանակ թռչելու որոշումը: Հետո, հայտնվելով բարդ, բայց ոչ աղետալի իրավիճակում, որը կապված էր ավտոմատ կառավարման համակարգերի անջատման հետ, օդաչուները շտապել են վայրէջք կատարել՝ ավելորդ կերոսինն այրելու փոխարեն: Արդյունքում Superjet-ն առավելագույն զանգվածով էր վայրէջք կատարում, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջացրել:

Վայրէջքը կատարվել է ձեռքով՝ direct mode ռեժիմով: Պարզվել է, որ օդաչուները գերազանցել են ոչ միայն ուղեգծային, այլ նաև ուղղահայաց արագությունը, որի հետևանքով վայրէջքն ավելի կոշտ է ստացվել:

Բացի այդ, ստուգվում են «Շերեմետևո» օդանավակայանի ցամաքային ծառայությունները: Օդանավակայանի բորտուղեկցորդների արհմիության ղեկավար Իլոնա Բորիսովան կարծում է, որ «Տագնապ» և «Պատրաստականություն» հրահանգներն ուշացումով են տրվել: Հրշեջները դեպքի վայր են հասել ազդանշանից 3 րոպե անց, սակայն շատ ավելի ուշ, քան բռնկվել է հրդեհը:

Մայիսի 5-ի երեկոյան Մոսկվայի «Շերեմետևո»օդանավակայանում Sukhoi Superjet 100 վթարային վայրէջքի արդյունքում բռնկված հրդեհից 41 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն:Հաջովել է փրկվել 33 ուղևորի և անձնակազմի 4 անդամին: 6 մարդ հոսպիտալացվել է, որից 3-ի վիճակը ծանր է: «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հրապարակել է ողջ մնացած ուղևորների ցուցակը:

Ինքնաթիռը Մոսկվայից մեկնում էր Մուրմանսկ, սակայն թռիչքից 28 րոպե անց անձնակազմը որոշել էր վերադառնալ Մոսկվայի օդանավակայան:Կոշտ վայրէջքի ժամանակ բռնկվել են ինքնաթիռի շարժիչները, հետո կրակը տարածվել է ինքնաթիռի պոչային մասի վրա: Մուրմանսկի շրջանում եռօրյա սուգ է հայտարարվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---