Սերժ Սարգսյան. ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխման փորձերը կարող են լուրջ հետեւանքների բերել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմսերի 11-ին ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի եւ ԵԱՀԿ հաջորդ տարվա նախագահի հատուկ հանձնակատար Նիկոլաոս Կալանցիանոսին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հաջորդ տարի Հունաստանը ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, եւ, ինչպես նշել է պարոն Կալանցիանոսն, այցի նպատակն է քննարկել հունական նախագահությունից Հայաստանի ակնկալիքներն, ինչպես նաեւ մտքեր փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ:



Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵԱՀԿ հետ համագործակցությունն` այն համարելով մեր հանրապետության անվտանգության կարեւոր բաղկացուցիչ: Կազմակերպության երեւանյան գրասենյակի հետ ձեւավորվել է սերտ եւ արդյունավետ գործակցություն: Նշելով, որ Հայաստանի համար առանցքային խնդիրներից մեկը` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ շրջանակներում է իրագործվում, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին 14 տարիների ընթացքում «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը շատ պարագաներում պահպանվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի, համանախագահող երկրների ակտիվ գործունեության շնորհիվ: Հայկական կողմի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի հակամարտության լուծման բոլոր հնարավորությունները, եւ խնդիրն այլ ատյաններ տեղափոխելու վերաբերյալ խոսակցություններն ու փորձերը միտված են փոփոխելու առկա ձեւաչափը, ինչը հղի է լուրջ վտանգներով:



Հանրապետության նախագահն առաջնային խնդիր է համարել նաեւ ԵԱՀԿ անդամ երկրների կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) իրականացումը եւ դրա նկատմամբ պատշաճ վերահսկողությունը: Պայմանագիրը դիտելով որպես մարդու եւ պետության անվտանգության իրավունքի իրականացման տեսանկյունից կարեւոր գործիք, Սերժ Սարգսյանը նշել է, որ դրա անտեսումը, տարածաշրջանի որոշ երկրների ռազմական ներուժի աննախադեպ բարձրացումը կարող են հանգեցնել լուրջ հետեւանքների:



Երկրի ղեկավարը խոսել է նաեւ ԵԱՀԿ տարբեր հաստատությունների հետ փոխգործակցության մասին, կարեւորել դրանց օբյեկտիվ եւ թափանցիկ գործունեությունը:



Նիկոլաոս Կալանցիանոսն իր հերթին անդրադարձել է հայ-հունական համագործակցությանը` նշելով երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---