Հայոց ցեղասպանություն. Թուրքիան կրկին Հայաստանին առաջարկում է պատմաբանների կոմիտե ստեղծել

PanARMENIAN.Net - «Թուրքիան Հայաստանին կոչ է անում միանալ պատմաբանների համատեղ կոմիտե ստեղծելու նախաձեռնությանը` Արեւելյան Անատոլիայում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք Հայաստանն անվանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն, ուսումնասիրելու համար»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, Թուրքիան պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել իր անցյալի հետ: «Մենք մեր պատմությունից վախենալու ոչինչ չունենք եւ պատրաստ ենք համաձայնել կոմիտեի` այդ իրադարձությունները ուսումնասիրելու ընթացքում կատարած ցանկացած եզրակացությունների հետ: Մենք համոզված ենք, որ դա հենց այդպես էլ լինելու է»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:



Օրերս Շվեյցարիայում Ալի Բաբաջանը, մեկնաբանելով Շվեյցարիայի պառլամենտի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, մամլո ասուլիսին հայտարարել է, որ պատմությունը պետք է պատմաբանների կողմից գրվի եւ ոչ թե որոշվի «այո» կամ «ոչ» քվեարկությամբ, հաղորդել է Anatolia news agency-ն:



2005թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին 1915թ. իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով համատեղ պատմաբանների կոմիտե ստեղծելու առաջարկով նամակ ուղղեց: Հայկական կողմը նման կոմիտեի ստեղծումից հրաժարվեց, քանի որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչված է պատմաբանների կողմից եւ ուսումնասիրության կարիք չունի:



Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառներից մեկը Անկարայի կողմից ներկայացվող պահանջն է, ըստ որի Հայաստանը պետք է հրաժարվի Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, մինչդեռ այդ ցեղասպանության ժամանակ ոչնչացվել է 1,5 միլիոն հայ, ավելի քան կես միլիոնը առանց օթեւանի են մնացել եւ փախստականներ դարձել: Այժմյան հայկական սփյուռքն այդ ոճրագործության արդյունքն է, որը դարձավ XX դարի առաջին ցեղասպանությունը:



Հայ-թուրքական սահմանը 1993թ. փակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, որում Թուրքիան կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---