Ժնեւում Վրաստանն ու Ռուսաստանը Կովկասի ճգնաժամից հետո անցկացնում են առաջին ուղիղ բանակցությունները

PanARMENIAN.Net - Ժնեւում հոկտեմբերի 15-ին բացվող միջազգային կոնֆեռանսին Վրաստանն ու Ռուսաստանը Կովկասի ճգնաժամից հետո անցկացնում են առաջին ուղիղ բանակցությունները: Դիվանագետները չեն թաքցնում, որ հակամարտող կողմերին դժվար կլինի պայմանավորվել: ՄԱԿ-ի, Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող խորհրդատվությունները կընթանան ամբողջ օրվա ընթացքում փակ կարգով:



Ռուսաստանը մտադրված է կրկին համոզել միջազգային հանրությանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման անհրաժեշտության մեջ: Բացի այդ, ինչպես հայտնել է ռուսական ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, Մոսկվան հանդես է գալու «Վրաստանի անզուսպ ռազմականացումը» սահմանափակող միջոցների կողմից: Որպես նման միջոց նշվում է «հրաժարումը վրացական կառավարությանը ծանր հարձակողական զենքի մատակարարումից»:



Ռուսաստանը ցանկանում է նաեւ երաշխավորել անջատված հանրապետությունների անվտանգությունը եւ պայքարում է Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միջեւ ուժի կիրառումից հրաժարվելու մասին համաձայնագրի ստորագրման համար:



Թբիլիսին իր հերթին չի փոխել իր վերաբերմունքը Մոսկվայի որոշման հանդեպ եւ պահանջում է հրաժարվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող պայմանագրից:



«Պարտադիր է վերացնել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության մասին իր կանոնադրությունը: Պարտադիր է դուրս բերել ռուսական օկուպացիոն զորքերը Վրաստանի տարածքից: Եւ դրանից հետո Վրաստանը պատրաստ է վարել ցանկացած բանակցություններ, Վրաստանը համաձայն է դրան»,- ասում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Միխայիլ Մաչավարիանին:



Այդ միջոցին, ԱՄՆ Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոնա Մըկքորմակի խոսքերով, Վաշինգտոնն անպայման կբարձրացնի Վրաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայության հարցը:



Կրակի դադարեցման մասին պայմանագրի համաձայն նախորդ չորեքշաբթի Ռուսաստանը ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերը բուֆերային գոտիներից, որոնք կից են Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքներին:



Բայց ռուսական ռազմական ներկայությունը պահպանվում է իր կողմից անկախ ճանաչված երկու հանրապետությունների տարածքում: Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ նրանցից յուրաքանչյուրում կտեղավորի ռազմական ճամբարներ` յուրաքանչյուրը 3800 զինծառայողներով:



ԵՄ-ն եւ ՄԱԿ-ը, որոնք ձեւավորում են քննարկումների օրակարգը, առաջարկում են առաջին հերթին քննարկել հումանիտար բնույթի խնդիրները` բռնագաղթվածների վերադարձն իրենց տները եւ տնտեսական կապերի վերականգնումը:



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունը գտնում է, որ Կովկասի իրադրության շուրջ միջազգային բանակցությունները «կարող են երկարատեւ լինել, հետեւաբար պետք է համբերատար լինենք»:

Վերջին պահին պարզ է դարձել, որ ԱՄՆ-ն չի խոչընդոտի քննարկումներում Վրաստանից անջատված հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---