Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների շրջանակում քաղաքացիների պատշաճ ծանուցումը կարգավորող նախագիծը, համաձայն որի ծանուցումը կիրականացվի նաև առցանց եղանակով։ Կառավարությունն առաջարկել է օրենքի նախագծի քննարկումն իրականացնել անհետաձգելի ռեժիմով:

Գործող օրենքով սահմանված է, որ քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումները ստանում են փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը:

Խնդիրը լուծելու նպատակով առաջարկվում է քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք սահմանել ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը, իսկ անհատական ծանուցման դեպքում «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը:

Քաղաքացուն ծանուցումն առաջինն իրականացվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցագիրն ուղարկելու միջոցով, ընդ որում՝ եթե առկա է քաղաքացու համաձայնությունն իրեն ծանուցել բացառապես պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագրերի միջոցով: Եթե նույնիսկ բացակայում է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, այդ դեպքում էլ քաղաքացին պատշաճ ծանուցված է համարվում ծանուցումը ստանալու հաջորդող 5-րդ օրվանից:

Քաղաքացու կողմից պաշտոնական էլեկտրոնային հասցե չունենալու կամ քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության դեպքերում քաղաքացու ծանուցումն իրականացվում է քաղաքացու ծանուցագիրն առձեռն կամ փոստային պատվիրված նամակով հանձնելու միջոցով:

Ծանուցագիրն առձեռն հանձնելու անհնարինության կամ առձեռն հանձնվող ծանուցագիրը քաղաքացու կողմից ստանալուց հրաժարվելու կամ ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելու հավաստող փաստաթղթային կամ էլեկտրոնային հավաստման բացակայության կամ քաղաքացու կողմից փոստային պատվիրված նամակը ստանալուց հրաժարվելու դեպքում քաղաքացու ծանուցումն իրականացվում է հրապարակային ծանուցման միջոցով: ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրելու օրվանից հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված:

Նախագծով նախատեսվում է, որ զինվորական կոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացնում են վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստման գործընթաց:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---