Gallup Polls. Հայաստանի բնակչության 43% կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում տեսնել Բարակ Օբամային

PanARMENIAN.Net - Gallup Polls միջազգային կազմակերպությունը այս տարվա մայիս-հոկտեմբեր ամիսներին հարցում է կատարել աշխարհի 73 երկրներում, որպեսզի պարզի, թե ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածուներից ում են գերապատվությունը տալիս տարբեր երկրների բնակիչներ: Հարցման արդյունքներով, դեմոկրատներից ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Բարակ Օբաման առավել մեծ ժողովրդականություն է վայելում, քան նրա հակառակորդ, հանրապետական Ջոն ՄըկՔԵյնը: Հարցում է կատարվել եւ Հայաստանի բնակիչների շրջանում: Այսպես, Հայաստանի հարցումների արդյունքում, պատասխանողների 43% ԱՄՆ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Բարակ Օբամային, 10%- Ջոն ՄըկՔեյնին, 47% դժվարանում են պատասխանել: Հարցվածների 45% գտնում են, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կանդրադառնան Հայաստանի վրա, իսկ 21% չեն կիսում այդ կարծիքը: Պատասխանողների 34% դժվարացել են պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահական ընտրությունները կանդրադառնան Հայաստանի վրա:



Ընհանուր առմամբ հարցմանը մասնակցել է ողջ աշխարհի բնակչության 1/3-ը, որից 24% ԱՄՆ նախագահի պաշտոնում ցանկանում են տեսնել Բարակ Օբամային, մինչդեռ հարցվածների 7% գերապատվությունը տալիս են Ջոն ՄըկՔԵյնին: Միեւնույն ժամանակ հարցվածների 69% այդ հաշվով ոչ մի կարծիք էլ չունի:



Այն հարցին, թե արդյոք իրենց երկրների համար ինչ-որ բան կփոխվի` կախված թե ով կհաղթի նախագահական ընտրություններում, 26% դրական են պատասխանել, մինչդեռ հարցվածների 22% գտնում են, որ իրենց երկրների համար ոչինչ էլ չի փոխվի: 52% դժվարացել է պատասխանել այդ հարցին:



Եվրոպական երկրների բնակչությունը գտնում է, որ նոյեմբերի 4-ին նշանակված նախագահական ընտրությունները կանդրադառնան նաեւ իրենց երկրների վրա, իսկ ասիական երկրների բնակչությունը դա քիչ հավանական է համարում: Հարցման տվյալների համաձայն Ջոն ՄըկՔեյնը Բարակ Օբամայից առաջ է միայն Վրաստանում եւ Ֆիլիպիններում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---