Ըստ ԱՄՆ-ի՝ սիրիական բանտերից ԻՊ 100 կողմնակից է փախել

Ըստ ԱՄՆ-ի՝ սիրիական բանտերից ԻՊ 100 կողմնակից է փախել

PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկից ի վեր ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ավելի քան 100 անդամ է փախել բանտերից:

«Մենք կասեինք, որ այժմ նրանց թիվը գերազանցում է 100-ը»,-ասել է Սիրիայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: «Մենք չգիտենք, թե նրանք որտեղ են»,-ասել է Ջեֆրին, հայտնում է Deutsche Welle-ն:

Բացի այդ, Ջեֆրին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի նրանց կողմից թուրքական գործողության ընթացքում կատարած ռազմական հանցագործությունների ապացույցներ: «Մենք տեսել ենք մի քանի միջադեպ, որոնք որակվում են որպես ռազմական հանցագործություն»,-ասել է ԱՄՆ ներկայացուցիչը:

«Շատերը փախան, քանի որ, ինչպես և մենք, նրանք ևս շատ մտահոգված են սիրիական ընդդիմությամբ, որին սատարում է Թուրքիան»,-հայտարարել է Ջեֆրին: Նա հավելել է, որ հարձակումը «ողբերգական աղետ դարձավ Սիրիայի հյուսիս-արևելքի համար»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ի պատասխան թուրքական ռազմական գործողությանը Սիրիայի հյուսիսում:«Ես հրահանգել եմ ֆինանսների նախարարին չեղարկել հոկտեմբերի 14-ից գործող բոլոր պատժամիջոցները»,-ասել է Թրամփը Վաշինգտոնում, գրում է Deutsche Welle-ն:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արդեն հաղորդագրություն է հրապարակել պատժամիջոցները չեղարկելու մասին: ԱՄՆ ֆինանսների նախարարության OFAC (Office of Foreign Assets Control) ստորաբաժանումը, որը պատասխանատու է պատժամիջոցների կիրառման համար, հայտարարել է, որ չեղարկվում են Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի, էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզի և ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուի դեմ գործող պատժամիջոցները:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---