Ադրբեջանի ԱԳՆ. Մոսկովյան հռչակագիրը արտացոլում է Ղարաբաղի շուրջ բանակցությունների բոլոր կետերը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն ծանրակշիռ փաստաթուղթ է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների համատեղ հռչակագիրը, որն արտացոլում է Ղարաբաղի շուրջ բանակցությունների բոլոր կետերը: «Պետք չէ նոր բան որոնել փաստաթղթի ստորագրման մեջ: Մինչ այժմ բանակցություններ են ընթանում եւ դրանց նշանակությունն արտահայտվել է հռչակագրում: Բանակցությունների հաջորդ փուլին անցնելու համար հիմք է հարկավոր»,-երկուշաբթի լրագրողներին է ասել Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: «Հռչակագրի ստորագրումը բարձր մակարդակով բխում է անհրաժեշտությունից,-ասել է նա:- Ադրբեջանը վճռականորեն մտադիր է շարունակել բանակցային գործընթացը: Թե ինչպիսին կլինեն բանակցությունների հաջորդ փուլերը, դեռեւս հայտնի չէ»,-հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:



Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար:



Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով:



Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են աշխատել Կովկասում իրավիճակի առողջացման ուղղությամբ, ինչպես նաեւ հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը, ասվում է Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի ու Դմիտրի Մեդվեդեւի ստորագրած հռչակագրում: Ըստ ՌԴ նախագահի, ամենակարեւոր խնդիրը կողմերի միջեւ վստահության հաստատմանն ուղղված միջոցառումների իրականացման համար պայմանների ստեղծումն է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---